Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Օրենքը թույլ չի տալիս դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել»


«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետեւանքը այն պետք է լիներ, որ նրանք պետք է աշխատանքից ազատվեին», - ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով մի քանի բարձրաստիճան դիվանագետների` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Այս մարդիկ, ովքեր որ գնացին այս քայլին, վերջինը կլինեն, իրոք, նման բան անելու. եթե նախարարության ամբողջ ցուցակով անցնեմ` նրանք վերջինը պետք է լինեն», - վստահեցրեց նախարարը` պարզաբանելով. - «Որովհետեւ առաջին օրվանից նրանց քաղաքական հայացքները մեր բոլորին շատ հայտնի էր: Նրանք կա’մ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն էին, կա’մ իրենք պաշտոններ ունեին նախորդ իշխանություններում»:

«Բայց կարող եք հարցնել իրենց` այս տասը տարվա ընթացքում բացարձակապես որեւէ խտրականություն նրանց նկատմամբ չի եղել: Դրա համար, իսկապես, ցավում եմ, որ հենց այդ մարդիկ նման քայլի գնացին», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Կադրերը հեշտ չեն ծնվում, դա երկար տարիների աշխատանք է, եւ ամեն դիվանագետը թանկ է նախարարության համար: Ես ցավով եմ ստորագրել այդ հրամանները, բայց պետք է ստորագրեի: Նախագահը նույնպես, համոզված եմ, որ ցավով է ստորագրել»:

«Ո՞նց եք պատկերացնում` դեսպանը, որ նախագահին է ներկայացնում, իր կողմից է նշանակված, միանում է մի շարժման, քաղաքական ուժի, որը համարում է, անվանել է այս պետությունը ավազակապետություն, եւ դրա գլուխը հանրապետության նախագահն է: Այդ դեսպանները ո՞նց են աշխատելու, երբ իրենց հավանությունն են տալիս այդ որակավորմանը», - շեշտեց արտգործնախարարը:

Իսկ ընդդիմության այն մեկնաբանության առնչությամբ, թե դիվանագետների` իրենց շարժմանը միանալը ապացուցում է, որ պետական մեքենան փլուզվում է, Վարդան Օսկանյանը հայտարարեց. - «Ընդդիմությունը փորձել է եւ շարունակում է փորձել դա անել, բայց դա չի աշխատել: Այն փաստը, որ ընդդիմությունը հիմա փորձում է նախարարության ցածր օղակներից շարքային դիվանագետներին հավաքագրել, ցույց է տալիս, որ նրանց մարտավարությունը չի աշխատել»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG