Մատչելիության հղումներ

Կիպրոսի նախագահ է ընտրվել կոմունիստների սատարած թեկնածուն


Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երեկ հաղթող է ճանաչվել կոմունիստների աջակցությունը վայելող Դիմիտրիս Խրիստոֆիասը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Խրիստոֆիասի կողմնակիցները ցնծությամբ են ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ծածանելով Կիպրոսի պետական դրոշները եւ պարզելով Չե Գեւարայի մեծադիր նկարները:

Հաղթողի անունը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեների շուրջ 98 տոկոսի ամփոփումից հետո: Խրիստոֆիասը վաստակել է քվեների 53,5 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ պահպանողական Իոանիս Կասուլիդեսը ձայների 46,5 տոկոսն է ստացել: Վերջինս առաջին փուլում աննշան առավելությամբ առաջ էր անցել Խրիստոֆիասից:

Փետրվարի 17-ին տեղի ունեցած առաջին փուլում պարտվել եւ հետագա պայքարից դուրս էր մնացել գործող նախագահ Տասոս Պապադոպուլոսը:

Խրիստոֆիասն ու Կասուլիդեսը դեռ ընտրություններից առաջ հավաստիացրել էին, որ մտադիր են վերսկսել բանակցությունները միայն պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի հետ: Այդ ինքնահռչակ հանրապետության ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է հակամարտության կարգավորման ուղիներ որոնել այն թեկնածուի հետ, ով կընտրվի Կիպրոսի նախագահ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG