Մատչելիության հղումներ

logo-print
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց իր կուսակցությունից մարդկանց դուրս գալու եւ Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու մասին լուրերը:

«Մեր կուսակցությունից ոչ ոք դուրս չի գալիս, պատգամավորները ներկա են, կարող եք անձամբ հարցազրույցը իրենցից վերցնել», - ասաց նա Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ղեկավար մարմինների երեկվա համատեղ փակ նիստից հետո:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրավիճակը երկրում, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. - «Մենք բոլորս կողմնակից ենք, որ խաղաղ ճանապարհով, արյուն չթափվի, տեղը-տեղին, ասենք, եթե պարտվել են, պետք է պարտությունը ընդունեն»:

«Երկխոսության կոչ է արված երկու թեկնածուների կողմից: Դուք կարող ե՞ք նպաստել», - այս հարցին Ծառուկյանը պատասխանեց. - «Ոչ, ես կարող եմ միայն իմ մասով նպաստել»:

Շաբաթ օրը կայացած նիստում Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի եւ այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարություն ընդունվեց, որը ներկաներն անձամբ ստորագրում էին:

Հայտարարության տեքստը այս պահին դեռեւս տարածված չէ:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG