Մատչելիության հղումներ

Վերահաշվարկի ժամանակ «անհետացավ» Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեաթերթիկների ծրարը


Թիվ 13/10 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ, իր խոսքով` 13/9 ընտրատեղամասի գրանցամատյանում որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ գրանցված ոմն Հրաչ Այվազյան թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի սեղանից վերցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեաթերթիկների ծրարը եւ դուրս եկավ հանձնաժողովի տարածքից:

Այդ ամենը կատարվեց ընտրատարածքային եւ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների եւ ԵԱՀԿ-ի դիտորդ Քրիստինա Սոմերի ներկայությամբ, ով եւս նկատեց ծրարի անհետացումը:

Թիվ 13 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը, սակայն, պնդում էր, թե ոչ ոք սեղանից ոչինչ չի վերցրել:

Թեեւ ԵԱՀԿ-ի դիտորդը պնդում էր, որ ծրարը տեսել է սեղանին, այնուամենայնիվ, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հերքում էր դա:

Թիվ 10 ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքում պարզվեց նաեւ, որ Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած ավելի քան 100 քվեաթերթիկ Սերժ Սարգսյանի օգտին տրված քվեաթերթիկների ծրարի մեջ էր:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ այդ ժամանակ հրավիրել թիվ 10 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սարգիս Ֆարթաջանյանին: Հանձնաժողովների նախագահների երկխոսությունը վկայեց, որ, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների ծրարը եղել է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի սեղանին, եւ հենց վերջինս էլ բացել էր այն:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG