Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ» թերթի մեկնաբանի համոզմամբ` «անկախ արդյունքներից՝ այս ընտրություններում հաղթողներ չեղան, եթե ինչ-որ մեկն էլ հաղթեց, ապա հաղթեց օրենքի պահապանների կողմից մերժված հասարակությունը»։ «Եվ սա է բացատրությունը, ինչու նրանք, ովքեր դեմ էին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ցանկանում էին ամենեւին ոչ նրա հաղթանակը, այս օրերին մասնակցում են հանրահավաքներին»», - գրում է մեկնաբանը` եզրակացնելով. - «Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին, ժողովրդի նվաստացման այս մասշտաբը ձեռնոց է հասարակության յուրաքանչյուր անդամին՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե մյուսների օգտին»։

«Ազգ» թերթի մեկնաբանը, անդրադառնալով հետընտրական իրողություններին, գնահատել է. - «Ժողովրդավարությունը վատ է, բայց դրանից լավ բան դեռ մարդկությունը չի ստեղծել: Այս խոսքերն ասվել են վաղուց, բայց արդիական են այնքանով, որ ամբոխը չի որոշում ապագան: Եվ եթե մի քանի հազար մարդ պահանջներ ունեն, մնացյալ հարյուր հազարները շարունակում են իրենց առօրյա իրականության մեջ ապրել»: «Իսկ ժողովրդավարությունը ամենից առաջ մեծամասնության իրավունք եւ իրականություն է», - ամփոփել է մեկնաբանը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում պնդելով, որ «բանակը չի միջամտելու քաղաքականությանը», հավելել է. - «Վստահեցնում եմ, բանակը երբեք ստիպված չի լինի ուժ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ, քանի որ ներքին գործերի ու անվտանգության գերատեսչությունները միանգամայն բավարար ներուժ ու կամք ունեն իրագործելու իրենց վերապահված բոլոր գործառույթները։ Այս ուժերը բավարար են՝ հնարավոր սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգն ու կանոնը անխաթար պահելու համար»։

«Առավոտ»-ի հարցազրույցում Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է քաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք կբերեն բախումների, ասել է. - «Միանշանակ՝ այո, որովհետեւ երկու կողմերն էլ շատ կոշտ դիրքորոշում են բռնել եւ գտնվում են անհամաձայնության դաշտում։ Եթե ժամանակին ժեստ արվեր իշխանությունների կողմից եւ հնարավորություն ընձեռվեր այդ պայքարը տեղափոխել ավելի քաղաքակիրթ դաշտ` մենք այսօր այդ վիճակում չէինք լինի։ Կարծում եմ, դա նաեւ պատիվ կբերեր Սերժ Սարգսյանին եւ հնարավորություն կտար Սերժ Սարգսյանին եւ հնարավորություն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդկանց, ՀՅԴ-ին, Բաղդասարյան Արթուրին՝ շատ ավելի հանգիստ սրտով գնալ նոր ընտրությունների, որովհետեւ կլիներ փոխհամաձայնության դաշտ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG