Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Մեր կուսակցությունից ոչ ոք դուրս չի գալիս»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց իր կուսակցությունից մարդկանց դուրս գալու եւ Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու մասին լուրերը:

«Մեր կուսակցությունից ոչ ոք դուրս չի գալիս, պատգամավորները ներկա են, կարող եք անձամբ հարցազրույցը իրենցից վերցնել», - ասաց նա Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ղեկավար մարմինների այսօրվա համատեղ փակ նիստից հետո:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրավիճակը երկրում, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. - «Մենք բոլորս կողմնակից ենք, որ խաղաղ ճանապարհով, արյուն չթափվի, տեղը-տեղին, ասենք, եթե պարտվել են, պետք է պարտությունը ընդունեն»:

«Երկխոսության կոչ է արված երկու թեկնածուների կողմից: Դուք կարող ե՞ք նպաստել», - այս հարցին Ծառուկյանը պատասխանեց. - «Ոչ, ես կարող եմ միայն իմ մասով նպաստել»:

Այսօրվա նիստում Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի եւ այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարություն ընդունվեց, որը ներկաներն անձամբ ստորագրում էին:

Հայտարարության տեքստը այս պահին դեռեւս տարածված չէ:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG