Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանի գրասենյակը ԿԸՀ-ից պահանջում է պատշաճ վերահաշվարկ ապահովել


Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` կոչ անելով «անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հանձնարարել պատշաճ վերահաշվարկ իրականացնելու միջոցով վերականգնել ընտրությունների արդյունքների իրական պատկերը»: Հակառակ դեպքում, ինչպես ընդգծել է թեկնածուի նախընտրական գրասենյակը իր այսօրվա հայտարարությունում, «լուրջ կասկածի տակ կառնվի ընտրությունների լեգիտիմությունը, ինչը հղի է ոչ միայն հասարակական առճակատումների վտանգով, այլ նաեւ լուրջ վնաս է հասցնում երկրի միջազգային վարկին` խոցելի դարձնելով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը»:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը արձանագրում է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները «ինչպես ընտրությունների նախապատրաստման, քվեարկության, քվեարկության արդյունքների ամփոփման, այնպես էլ դրանց բողոքարկման փուլերում ընթացել են ՀՀ Ընտրական, Քրեական օրենսգրքերի, ՀՀ այլ օրենքների կոպտագույն խախտումներով, որոնք ուղեկցվել են ընտրական կեղծիքներով եւ զեղծարարություններով, հանձնաժողովների անդամների, թեկնածուների վստահված անձանց, ընտրական գործընթացի այլ մասնակիցների՝ դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների, եւ վերջապես, ընտրողների ահաբեկման, շանտաժի, ծեծի ենթարկելու, կաշառման եւ այլ անպարկեշտ դրսեւորումներով»:

Թեկնածուի գրասենյակը պնդում է, որ իր եւ ոչ մի ահազանգ չի արժանացել համարժեք գնահատականի, ինչն ավելի է խորացրել ընտրական գործընթացներում տիրող անվստահության մթնոլորտը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անտարբերությունը հանգեցրել է նրան, որ արդարության վերականգնման վերջին հնարավորությունը, այն է` քվեարկության արդյունքների բողոքարկման պատասխանատու փուլը նույնպես ուղեկցվում է առանձին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ապօրինի կամայական գործողություններով: Մասնավորապես, բազմաթիվ ընտրատարածքային հանձնաժողովներում` թիվ 3, 8, 21, 23, 24, 38, մերժել են ընդունել Արթուր Բաղդասարյանի վստահված անձանց դիմումները քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին: Ընդունված դիմումներն արհեստականորեն խոչընդոտել են քննարկել թիվ 5, 12, 24, 34, 35 եւ այլ ընտրատարածքներում, իսկ բազմաթիվ դեպքերում վերահաշվարկի սկսված գործընթացը ձախողել են հանձնաժողովների մեծամասնության կողմից քվորում չապահովելու միջոցով», - ասված է հայտարարությունում: - «Միայն Երեւանի թիվ 9/31 ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի վստահված անձի վերահաշվարկի պահանջի վերաբերյալ դիմումի հիման վրա քվեարկության արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանցագործության ճանապարհով Արթուր Բաղդասարյանի ձայները նվազեցվել են 50-ով: Համանման դեպքեր են արձանագրվել նաեւ թիվ 34, 35, 38 ընտրատարածքներում, թիվ 24/18, 24/19, 11/04, 11/15 եւ բազմաթիվ այլ ընտրական տեղամասերում: ԸԸՀ-ների կողմից ակնհայտ կերպով արհեստականորեն ձգձգվում է մեր կողմից մատնանշված ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի գործընթացը` առաջնահերթության կարգով քննարկելով այն տեղամասերի արդյունքները, որտեղ իրենց տեղեկություններով ընտրական կեղծիքների ծավալը տպավորիչ չէ»:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանում է փետրվարի 24-ի ժամը 14:00-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG