Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ակտիվ եւ մրցակցային ընտրությունների կապակցությամբ


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «փետրվարի 19-ի ակտիվ եւ մրցակցային ընտրությունների կապակցությամբ»:

«Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին փետրվարի 19-ի ակտիվ եւ մրցակցային նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ու Խորհրդարանական վեհաժողովի նախնական գնահատականը, որ ընտրությունները «հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական ընտրությունների ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի պարտավորություններին եւ չափանիշներին», - հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմ Քեյսին` հավելելով. - «Միաժամանակ, մենք նշում ենք նաեւ, որ միջազգային դիտորդները արձանագրել են էական խնդիրներ` կապված ընտրական ընթացակարգերի հետ»:

Դրական գնահատելով Հայաստանի ընտրական մարմինների արձագանքը եւ մի շարք ընտրատարածքներում անցկացվող վերահաշվարկը` Պետդեպարտամենտը հորդորում է Հայաստանի կառավարությանը` «ապահովել, որպեսզի այդ վերահաշվարկները կատարվեն ամբողջական եւ թափանցիկ, քննել խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները եւ քայլեր ձեռնարկել հետագա ընտրությունները բարելավելու համար»:

«Մենք նաեւ կոչ ենք անում քաղաքական ուժերին` շարունակել հետեւել օրենքին եւ խաղաղ ու պատասխանատվությամբ աշխատել հանուն ժողովրդավարական Հայաստանի», - ասված է փոխխոսնակի հայտարարությունում, որը տեղադրված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG