Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը հրաժարվում է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից


Նախագահի թեկնածու, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից:

Վահան Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ ասված է. - «Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը:

Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը:

ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից»:

Դիմելով իր աջակիցներին` Վահան Հովհաննիսյանը հորդորել է. « Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին»:

Դաշնակցական, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե արդյոք Վահան Հովհաննիսյանի հրաժարականին կհետեւե՞ն դաշնակցական մյուս պետական պաշտոնյաները, ասաց, որ իրավիճակը առաջիկա օրերին կքննարկվի կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնում եւ որոշում կկայացվի:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG