Մատչելիության հղումներ

Անհամապատասխանություններ` հանձնաժողովների արձանագրությունների եւ ԿԸՀ-ի տվյալների միջեւ


«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ձեռք բերած` տարբեր ընտրատեղամասային հանձնաժողովների եւ վստահված անձանց ներկայացրած արձանագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում առկա տվյալների հետ համեմատելիս հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ:

Մասնավորապես, Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի թիվ 1 ընտրատեղամասի հանձնաժողովի արձանագրության մեջ անվավեր քվեաթերթիկների թիվը 31 է, իսկ ԿԸՀ-ի ամփոփ արձանագրության մեջ այն դարձել է 11: Անհետացել են նաեւ Արտաշես Գեղամյանի, Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի 3-ական ձայները: Սերժ Սարգսյանը ըստ արձանագրության ստացել էր 496 քվե, իսկ ԿԸՀ-ի կայքէջում` 516: Փոփոխության չի ենթարկվել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստացած ձայների թիվը:

Նույն պատկերն է թիվ 38 ընտրատարածքի մյուս` թիվ 2, 3, 4, 5, 6, 9, 10, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 56, 57, 61 տեղամասերում: Բոլոր դեպքերում նկատվում է նույն սկզբունքը` անփոփոխ է մնացել Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած քվեների թիվը, անվավեր քվեները պակասեցված են, երբեմն 0-ի են հասցված մյուս թեկնածուների ստացած ձայները, այդ թվում մեկ կամ երկու քվեն, գրեթե բոլոր դեպքերում ավելացվել են Սերժ Սարգսյանի, երբեմն նաեւ` Վահան Հովհաննիսյանի ձայները:

Հիշյալ բոլոր ընտրատեղամասերում արձանագրություններում անվավեր քվեաթերթիկները 10-20 հատով շատ են ԿԸՀ-ի կայքէջում տեղադրվածի համեմատ: Այդ բոլոր ընտրատեղամասերում գրեթե նույնքան ավելացված են Սերժ Սարգսյանին տրված ձայները:

Թիվ 38/9 ընտրատեղամասում անվավեր 31 քվեաթերթիկները ԿԸՀ-ի կայքէջում ներկայացված են 0, եւ Սերժ Սարգսյանի 453 ձայնը դարձել է 484: Այս դեպքում ավելացել է նաեւ Վահան Հովհաննիսյանի 64 ձայնը` դառնալով 78:

Թիվ 38/56 ընտրատեղամասում 40 անվավեր քվեաթերթիկը ԿԸՀ-ի կայքէջում դարձել է 20, Սերժ Սարգսյանի 1052 ձայնը` 1072:

Թիվ 38/61 տեղամասում 18 անվավեր քվեաթերթիկը դարձել է 10, Սերժ Սարգսյանի ձայները ավելացել են 8-ով` 540-ից դառնալով 548: Այս դեպքում 100 ձայնի կորուստ է կրել Լեւոն Տեր-Պետրոսյանը` արձանագրության 664 ձայնը ԿԸՀ-ում վերածվել է 564-ի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավական փորձաքննության բաժնի պետ Սեւակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Երեւան քաղաքում արձանագրությունները առձեռն բերվում են ԿԸՀ, եւ տվյալները տեղում մուտքագրվում են հենց բնագրից, իսկ մարզերից ստացվում են արդեն համակարգչային ծրագրով մուտքագրված տվյալներ, որոնք այնուհետեւ ստուգվում են: Ըստ նրա, մինչեւ հիմա որեւէ լուրջ սխալ չի հայտնաբերվել:

Հովհաննիսյանը վստահեցրել է, որ համակարգչային ծրագրի պատճառով նման սխալները բացառվում են, քանի որ համակարգը պաշտպանված է միջամտություններից: Իսկ տվյալների միտումնավոր սխալ մուտքագրումը, ինչպես փաստել է Սեւակ Հովհաննիսյանը, քրեորեն պատժելի արարք է:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG