Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Ջհանգիրյան. «Ի վերջո, այս հողի վրա պետք է հաստատենք օրենքի իշխանություն»


«Ես շատ ընտրություններ եմ տեսել եւ առնչվել, բայց այն կեղծիքների մասշտաբները, այն բռնությունները, այն ծեծը, այն ջարդը, այն ահաբեկումները, որոնք կատարվել են այս ընտրությունների ժամանակ, չի եղել երբեք», - այսօրվա հանրահավաքում հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ով 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահն էր:

«Ես ձեզ կոչ եմ անում ու խնդրում եմ, որ տեր կանգնեք ձեր ընտրությանը», - ասաց Ջհանգիրյանը: - «Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ ոչինչ չի կարող անել: Մենք, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ձայնին տեր կանգնի»:

«Ի վերջո, այս հողի վրա մենք պետք է հաստատենք օրենքի իշխանություն: Օրենքը չպետք է գործի` կախված այն բանից, թե ում նկատմամբ է, ում է ուղղված: Օրենքը նպատակահարմարությունից ելնելով չպետք է գործի: Թալինի եւ Աշտարակի դեպքերը նույն ձեւով, նույն հոդվածով պետք է որակվեն, եւ նույն պատժին պետք է արժանանան, եւ ոչ թե տուժողը դառնա մեղադրյալ, մեղադրյալը` տուժող», - հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալը:

Ջհանգիրյանը, ով մինչեւ 2003 թվականի մարտը գլխավորել է «Հոկտեմբերի 27»-ի գործով, այնուհետեւ դրանից անջատված մասով նախաքննություն իրականացնող քննչական խումբը, անդրադարձավ նաեւ այդ գործին` ասելով. - «Ես ազնիվ չէի լինի ինքս ինձ հետ, եթե ես «27»-ը այստեղ չքննարկեի ձեզ հետ: Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: Բայց անջատված մասով քրեական գործի վարույթը ապօրինի կարճվեց, կարճվեց Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով: Եվ այս անջատված մասով քննությունը առջեւում է: Եվ ես ձեզ խոստանում եմ` եթե դուք օգնեք, օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ` կհասցնենք մինչեւ վերջ»:

«Ես դիմում եմ Վազգենի [1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի] բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական: Ես դիմում եմ բոլոր ազատամարտիկներին` անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ շապիկի տակ են կանգնած. տղանե’ր, բավական է սեղանների շուրջ կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք: Օրը եկել է, պահը հասել է. տե'ր կանգնեք այս երկրին», - հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը` շարունակելով. - «Ես իրավաբան եմ, ես ձեզ բռնությունների կոչ չեմ անում, բայց ասում եմ` չընկրկեք որեւէ մեկի առաջ, եւ այս երկրում չկա ոչ մի գեներալ, ոչ մի զինվորական, որը հայ ժողովրդի վրա ձեռք կբարձրացնի»:

Ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթով ուղղվեցին դեպի գլխավոր դատախազության շենքը, որտեղ պահանջեցին պատասխանատվության ենթարկել բոլոր ընտրակեղծարարներին:

Ինչպես ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդել է հանրապետության նախագահին` Գագիկ Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ հեռացնել դատախազության համակարգից:

Որպես իր միջնորդության հիմնավորում` գլխավոր դատախազը մատնանշում է, որ Գագիկ Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG