Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյան. «ԵԿՄ-ն արդարության, ազատության կողքին է լինելու»


«Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) միշտ հայտարարել է, որ ժողովրդի կողքին է լինելու, ԵԿՄ-ն արդարության, ազատության կողքին է լինելու, եւ ԵԿՄ-ի անդամների մեծ մասը` 80-90 տոկոսը կողմնորոշված է եղել այդպես», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԵԿՄ-ի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը: «Եվ ընտրությունների այդ խայտառակ ելքը մնացած մասին էլ գրեթե կողմնորոշեց այդպես, որ նրանք իրենց ժողովրդի կողքին պիտի լինեն», - հավելեց նա:

«Ժողովրդի կողքին` նշանակում է Ազատության հրապարակո՞ւմ, այնտե՞ղ, որտեղ հանրահավաքներ են տեղի ունենում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ», - այս հարցին Մալխասյանը պատասխանեց. - «Այո: Այսօր ժողովուրդը` մեծ մասը, հիմնական մասը Ազատության հրապարակում է, եւ այդ համաժողովրդական շարժումը այսօր ղեկավարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Այն հարցին, թե ԵԿՄ-ի նախագահ Մանվել Գրիգորյանը նո՞ւյնպես սատարում է Տեր-Պետրոսյանին, Մյասնիկ Մալխասյանը արձագանքեց. - «Եթե Երկրապահ կամավորականների միության մեծ մասը ժողովրդի կողքին է, սատարում է արդարությունը, ապա որտե՞ղ կարող է գտնվել Մանվել Գրիգորյանը»:

Իսկ ի պատասխան հիշեցման, որ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը հերքել է Մանվել Գրիգորյանի` Տեր-Պետրոսյանին սատարելու մասին տեղեկությունը, ԵԿՄ-ի փոխնախագահը հայտարարեց. - «Սեյրան Շահսուվարյանը Մանվել Գրիգորյան չի: Եթե Մանվել Գրիգորյանը չի հերքում, Սեյրան Շահսուվարյանը իրավունք ունի՞ նրա փոխարեն հերքելու»:

Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ երեկ ԵԿՄ-ում բանակցություններ են տեղի ունեցել Մանվել Գրիգորյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի միջեւ, Մյասնիկ Մալխասյանը ասաց. - «Եղել է, կարծեմ, բայց ստույգ տեղեկություն չեմ կարող ասել: Բնականաբար, հիմնական խնդիրը` բոլորն էլ շահագրգռված են, որ այս հարցը լուծվի արդարացի` ավելորդ բախումներից խուսափելու համար: Բոլոր հայ սպաները, հայ գեներալները դրան են միտված»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG