Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հանդիպել Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

«Այդպիսի հանդիպում նախապատրաստելու համար ժամանակ է պետք: Բանակցությունների համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախաձեռնությունը», - ասել է Ազիմովը:

Խոսելով Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին` Ադրբեջանի փոխարտգործնախարարը նպատակահարմար է համարել սպասել վերջնական արդյունքների հրապարակմանը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Ազիմովն ասել է, թե նոր նախաձեռնություններից են կախված Ադրբեջանի քայլերը, եւ հավելել, որ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք հերթական այցի ժամկետները դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ՝ փետրվարի 20-ին Արազ Ազիմովը հայտարարել էր, թե Ադրբեջանը Հայաստանի ղեկավարից ակնկալում է միջազգային նորմերի մեջ տեղավորվող գործողություններ:

«Հակամարտության կարգավորման համար Հայաստանի ղեկավարությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր եւ գիտակցի, որ Ադրբեջանի հետ խաղաղությանն այլընտրանք չկա: Դրա համար, նախեւառաջ, պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել էր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG