Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան մամուլը` հայաստանյան ընտրությունների մասին


«Նարնջագույն Երեւան» վերնագրված հոդվածում ռուսական «Գուդոկ» պարբերականը գրում է.- «Սերժ Սարգսյանին հաջողվեց վերցնել իշխանությունը, մնում է այն պահել»:

«Lեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին կանգնած են ղարաբաղյան հակամարտությանը մասնակցած բազմաթիվ զինվորներ, որոնք պատրաստ են զինված հակամարտության, սակայն Սերժ Սարգսյանն ու դեռեւս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ամուր, պատերազմով անցած մարդիկ են եւ հենց այնպես չեն հանձնվի», - մեջբերելով ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի խոսքերը` գրում է «Գուդոկ»-ը:

«Նովիե Իզվեստիա»-ն «Հաղթողին չեն հավատում» վերնագրված հոդվածում փաստում է. - «Առայժմ վաղ է վերջակետ դնել Հայաստանի հինգերորդ նախագահական ընտրություններում: Առավել եւս, որ իշխանության թեկնածուի ամրության պաշարը այնքան էլ մեծ չէ: Համենայնդեպս, որոշ դիտորդներ վստահ են, որ տեղի ունեցած խախտումների պարագայում հաղթանակ ապահոված ձայների թիվը հեշտությամբ կարելի է վիճարկել, եւ քվեարկության երկրորդ փուլը ամենեւին էլ բացառված չէ»:

«Երեւանում երեկ ընդդիմությունը զանգվածային բողոքի ցույց անցկացրեց` պահանջելով վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը», - գրում է «Կոմերսանտ»-ը եւ մանրամասնում. - «Ամենատարբեր հաշվարկներով Մատենադարանի հրապարակ էր եկել 60-100 հազար մարդ: Իրենց հերթին իշխանություններն էլ Երեւանի փողոցներ էին դուրս բերել զինվորականների եւ ոստիկանների, ինչպես նաեւ փակել էին քաղաքի մուտքերը»: Նկարագրելով հանրահավաքի ընթացքը` ռուս լրագրողը գրում է. - «Զայրացած մարդիկ պատմում էին խախտումների, ընտրատեղամասերում լրագրողների եւ ընդդիմության դիտորդների ծեծի մասին»:

Անդրադառնալով երեկ Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերին` «Նեզավիսիմայա գազետա»-ն փաստում է. - «Երեւանում չեն բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը կարող է երկարաձգվել: Դա, սակայն, տեղի կունենա հնարավոր տարբերակներից ամենավատի իրականացման դեպքում. եթե ընդդիմությունը չհաշտվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների հետ, եւ իրավիճակը սկսի դուրս գալ վերահսկողությունից: Այդ ժամանակ Քոչարյանը որոշ ժամանակ էլ կղեկավարի Հայաստանը` մինչեւ կրքերը հանդարտվեն»:

«Հայաստանի ընտրություններում արձանագրվեց շատ կանխատեսելի արդյունք», - գրում է «Իզվեստիա»-ն ««Ղարաբաղյան կլանը» պահպանեց իշխանությունը» վերնագրված հոդվածում: «Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում կփոխարինի իր համերկրացի Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ ռուսաստանյան օրինակով, կստանա վարչապետի պաշտոնը նոր կառավարությունում», - գրում է թերթն ու հավելում. - «Իրադարձությունների զարգացման նման սցենարը, սակայն, Հայաստանի ընդդիմությանը չի գոհացնում»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու երբեմնի դաշնակիցներ Սերժ Սարգսյանն ու Lեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում` «Իզվեստիա»-ն կարծիք է հայտնում. - «Հնարավոր պատասխաններից մեկը Հայաստանի քաղաքական դաշտում «ղարաբաղյան կլանի» գերակշռումն է: Ծնունդով ղարաբաղիները ոչ միայն առանցքային պաշտոններ են զբաղեցնում գործադիր իշխանությունում, այլեւ «իրենցով են արել» հայաստանյան տնտեսությունը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG