Մատչելիության հղումներ

logo-print

«Բերթելսման» հիմնադրամ. «Հայաստանի քաղաքական համակարգը մնում է կարծրացած եւ փակ»


Չնայած Հայաստանում վերջին տարիներին իրականացված ընտրական եւ սահմանադրական փոփոխություններին, երկրի քաղաքական համակարգը մնում է կարծրացած եւ փակ, ինչի պատճառը կոռուպցիան եւ քաղաքական հովանավորչությունն են: Նման կարծիք է հայտնել գերմանական «Բերթելսման» հիմնադրամը 2008 թվականի իր զեկույցում: Այդ փաստը, ըստ հեղինակավոր վերլուծական կենտրոնի զեկույցի, լրջորեն խոչընդոտում է երկրի ժողովրդավարական բարեփոխումներին:

Հիմնադրամը ուսումնասիրել եւ գնահատել է ժողովրդավարության, շուկայական տնտեսության զարգացման եւ քաղաքական կառավարման մակարդակը 125 զարգացող երկրներում` վերջին երկու տարիների կտրվածքով: Ժողովրդավարության ցուցիչի 10-բալլանոց համակարգով Հայաստանը 6 միավորով 65-րդ տեղում է:

«Հայաստանում անցկացվող ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդները սովորաբար ընտրախախտումների, ընտրողների ահաբեկման փաստեր եւ ձայների հաշվարկի ժամանակ ի հայտ եկող խնդիրներ են արձանագրում: Ընտրողների անտարբերությունը ձեւավորել է պետական կառուցվածքի նկատմամբ անվստահության մթնոլորտ: Իսկ այս համատեքստում դժվար է խթանել ժողովրդավարական բարեփոխումների համար անհրաժեշտ հանրային աջակցությունը», - ասված է «Բերթելսման» հիմնադրամի զեկույցում:

Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը «Բերթելսման» հիմնադրամը որակել է որպես «բյուրոկրատացված». - «Կոռուպցիան մնում է այդ համակարգի հիմնական խնդիրը: Այն բյուրոկրատացված է եւ, որպես կանոն, հաճախ գործում է ընդգծված շեղումներով ու անարդյունավետ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի դատական համակարգին, ապա գերմանացի փորձագետներն արձանագրել են. - «Բազմաթիվ են դեպքերը, երբ դատական գործընթացը կախված է քաղաքական եւ ֆինանսական միջամտությունից»:

Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցն արձանագրում է, որ դրանք մեծավ մասամբ վերահսկվում են պետության կողմից. - «Որպես քաղաքացիական հիմնարար ազատություններից նկատելի շեղման արտացոլում` հայաստանյան լրատվամիջոցները վերահսկվել են պետության կողմից եւ ենթարկվել ճնշումների»:

«Թեեւ մամուլի եւ խոսքի ազատությունը երաշխավորված է, սակայն պետությունը բացահայտ մենաշնորհ ունի հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ», - արձանագրում են փորձագետները` ընդգծելով. - «Որպես լրատվամիջոցների վրա պետական ազդեցության հիմնական ռազմավարություն որդեգրվել են տնտեսական ճնշումները եւ պետական արտոնագրերի տրամադրման նկատմամբ վերահսկողությունը»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG