Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Երթը ցրելուն` միշտ պատրաստ» վերնագրի ներքո գրում է. - «Բաղրամյան պողոտայում երեկ կանգնած էին սաղավարտավոր եւ մահակավոր ոստիկաններ: ԿԸՀ-ի մոտ էլ դրանց պակասը չէր զգացվում: Նրանք անգամ պատգարակներ էին բերել, թերեւս, վիրավորների համար: Ոստիկաններն ու ներքին զորքերի զինվորականները շղթայել էին ԿԸՀ-ն, իսկ շենքի ներսում եւ ետնամասում կային նաեւ Ղարաբաղից բերված «սպեցնազցիներ»: Այդտեղ էին հայրենի իրավապահ համակարգի ամենակարկառուն պաշտոնյաներըէ ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի համոզմամբ, «նախապատվությունը տալով գործող վարչապետի թեկնածությանը` փետրվարի 19-ին Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին նախընտրեց միայն ու միայն կանխատեսելի ապագան»։ «Իր քվեարկությամբ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը արդեն հստակորեն ո՛չ է ասել երկրի ներքաղաքական իրավիճակը հնարավորինս սրելու եւ հնարավոր էքսցեսներ հրահրելու փորձերին», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Նախընտրելով կայունության պայմաններում բարեփոխումները շարունակելու կանխատեսելի ու հարթ ուղին՝ տվյալ մեծամասնությունը իր կամքը արդեն ազատորեն դրսեւորել է փետրվարի 19-ին եւ նրա քաղաքական որոշումը վերջնական է ու ենթակա չէ բեկանման»։

Անդրադառնալով նախընտրական շրջանի այն քարոզչական տեսակետին, թե «Տեր-Պետրոսյանը ընդդիմության հիմնական թեկնածուն չէ, եւ նա ընտրությունների արդյունքում զբաղեցնելու է 4-րդ, թե 5-րդ տեղը», «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը հակադարձել է. - «Քարոզչական եւ սոցիոլոգիական վրիպումը հիմնված էր քաղաքագիտական սխալ հաշվարկի վրա, ըստ որի՝ Տեր-Պետրոսյանի էլեկտորատը ինչ-որ «կատաղած», մարգինալ զանգված է, որը շատ մեծ չի կարող լինել: Հենց այդ հաշվարկից ելնելով՝ պետական քարոզիչները առաջին նախագահին անվանում էին «ՀՀՇ առաջնորդ»: Այդ պիտակից նրանք (եթե խելք ունեն) պիտի հրաժարվեն՝ հակառակ դեպքում պարտավոր են ընդունել, որ Հայաստանում կա 350.000-ից ավելի ՀՀՇ-ական»։ «350.000-ը Հայաստանի համար լուրջ թիվ է, եւ կարելի է ենթադրել, որ այդպիսի քանակությամբ մարդիկ քվեարկել են ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում Լեւոնին ու առավել եւս՝ ՀՀՇ-ին, այլ՝ հույս ունենալով այդպիսով ազատվել ներկա իշխանություններից», - եզրափակել է խմբագրականը:

«Ազգ» թերթի մեկնաբանը, իր հերթին, դիտարկել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ ասում է, թե այսքան ու այսքան ձայն կեղծվել է, անգամ իր նշած թվի պարագայում էլի ինքը չի հաղթել, էլի երկրորդ տեղում է, ու լավ կանի իրեն ձայն տված ընտրողին, որ բոլորովին էլ իր ընտրազանգվածը չէ, այլ գործող իշխանություններից դժգոհ շերտը, իզուր նյարդահան չանի ու հրապարակներ չկանչի: Ով ով` ինքը լավ պետք է իմանա, թե ինչպես են անտեսում ընտրողին ու նրա կամքը, 96-ին ինքը հենց այդպես վարվեց կես միլիոնից ավելի ընտրողի հետ, ովքեր ընտրել էին Վազգեն Մանուկյանին, սակայն ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությանը չսպասելով` շամպայնի բաժակ բարձրացրեց իր հաղթանակի պատվին... Մի բան ակնհայտ է` ուզեն, թե չուզեն, բոլոր թեկնածուները, հատկապես բարձր քվե ստացածներն ու առաջին հերթին Տեր-Պետրոսյանը, ապահովեցին հաղթած թեկնածուի լեգիտիմությունը, ինչը Հայաստանի նախագահին այս պահին շատ անհրաժեշտ է»:

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը, համադրելով ընտրությունների արդյունքների թվաբանությունը, գնահատել է. - «Ասել, որ նախագահական ընտրություններն այս անգամ անցան եզակի ու դժվար պատկերացնելի բռնությունների եւ ահաբեկումների ալիքի ներքո՝ հավասարազոր է ոչինչ չասելուն։ Որովհետեւ այն, ինչ կատարվեց փետրվարի 19-ին՝ ամենամղձավանջային երազում էլ դժվար է պատկերացնել։ Բայց դե, երբ երկրում արժեք են դառնում հաստ վիզը, հնարավորինս բութ, դատարկ եւ ոչինչ չասող աչքերը, մեծ ու սափրած գանգը՝ պատահում են հենց այդ մղձավանջային երազները։ Ավելի ճիշտ՝ դրանք դառնում են իրականություն»։

«168 ժամ» թերթի մեկնաբանը, ընտրության արդյունքները համադրելով, նկատել է. - «ԿԸՀ-ի թվերին կարող եք չհավատալ, բայց ուսումնասիրելով՝ կարող եք շատ հետաքրքիր եզրահանգումներ անել անել. հաստատ խաչբառ լուծելուց ավելի հետաքրքիր գործ է։ Հարցեր էլ կարող են առաջանալ. օրինակ, Արտաշես Գեղամյանն ու Արամ Հարությունյանը հավատո՞ւմ են այս թվերին։ Եթե ոչ՝ ինչո՞ւ չեն ընդվզում։ Եթե այո՝ արդյո՞ք մյուս անգամ էլ ժողովրդի անունից վերամբարձ ճառեր կասեն՝ իմանալով, որ իրենք ունեն 1 տոկոսից պակաս ձայն։ Միգուցե՝ այո, եթե հարցումներ պատվիրեն Ահարոն Ադիբեկյանին»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG