Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը չի ճանաչում ընտրությունների արդյունքները


Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը արդեն իսկ հայտարարել է, որ չի ճանաչում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանրապետության բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու բողոք-դիմումներ ենք ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, բազմաթիվ տեղամասերում պահանջել ենք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, եւ կարծում ենք, որ այս ընտրությունները եռաշերտ կամ նույնիսկ քառաշերտ ընտրակեղծիքներով են տեղի ունեցել», - նշեց Փաշինյանը:

Նրա պնդմամբ` «ընտրակեղծիքները սկսել են մինչեւ քարոզչության փուլը, քարոզչության փուլում, քվեարկությանը նախորդող շրջանում, քվեարկության ընթացքում եւ ձայների հաշվարկի ընթացքում». - «Այսինքն, ընտրական պրոցեսի որեւէ փուլ` ոչ նախապատրաստական եւ ոչ էլ բուն ընտրական, չի եղել օրենքի շրջանակներում, եւ մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, չենք ճանաչելու այդ արդյունքները: Դրա համար ունենք հիմնավոր փաստեր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը շարունակվում է, եւ այդ շարժումը պետք է շարունակվի մինչեւ հաղթական ավարտ»:

Այն հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մտադիր են այսօրվանից սկսել տեւական հանրահավաքներ, Փաշինյանը պատասխանեց. - «Ժամը 3-ին Մատենադարանի մոտ սկսվում է հանրահավաք: Հանրահավաքի ընթացքի հետ կապված հարցերի պատասխանները կտրվեն հանրահավաքի ընթացքում»:

Թեեւ նախապես հանրահավաքի սկիզբը նշանակված էր ժամը 15-ին, առավոտյան ժամը 11-ից արդեն մարդիկ հավաքվում են Մատենադարանի մոտ, հարթակում ելույթներ են հնչում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG