Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ եւ արդար ընտրություններում Ձեր ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է:

Հայաստանի տնտեսության աճի տեմպերի պահպանումը, աղքատության հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ վերջնական կարգավորումը Ձեր առջեւ ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են: Վստահ եմ, որ Դուք Ձեր բոլոր գիտելիքներն ու հմտությունները ներդնելու եք այդ նպատակների իրականացման գործում:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ եւ հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանը օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, եռանդ եւ ուժ` պետության բարձրագույն պաշտոնում ժողովրդին Ձեր ծառայությունները մատուցելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG