Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ երեք տարբեր կազմակերպությունների անցկացրած exit poll-֊երի՝ քվեարկությունից անմիջապես հետո ընտրողների հարցումների արդյունքները խիստ հակասական են:

Populus բրիտանական կազմակերպության՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով անցկացրած հարցման արդյունքներով 57,01 տոկոսով հաղթել է Սերժ Սարգսյանը: Լեւոն Տեր֊-Պետրոսյանին ձայն է տվել հարցվածների 17,04 տոկոսը:
Արթուր Բաղդասարյանի օգտին քվեարկել է հարցվածների 14,6 տոկոսը եւ Վահան Հովհաննիսյանը ստացել է մոտ 6 տոկոս ձայն: Մնացած թեկնածուների օգտին տված քվեները չեն գերազանցում 1,6 տոկոսը:

Մինչդեռ «Ալֆա-ԳԱ» ընկերությունը հարցում է անցկացրել 3008 ընտրողների շրջանում, որոնցից պատասխանել է 2767-֊ը: Այդ կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի նախագահ է դարձել Լեւոն Տեր֊-Պետրոսյանը՝ 54,2 տոկոսով: Երկրորդ տեղում է Սերժ Սարգսյանը՝ 24,4 տոկոսով, երրորդում՝ Վահան Հովհաննիսյանը՝ 8,4 տոկոսով, եւ չորրորդում Արթուր Բաղդասարյանը՝ 8,2 տոկոսով: Մնացած թեկնածուները ստացել են ոչ ավելի, քան 1,5 տոկոս ձայն:

Եվ վերջապես «Ալյանս» երիտասարդական֊-քաղաքացիական շարժումը, որը, ըստ դրա փոխնախագահ Գեւորգ Մելիքյանի, միավորում է 30 հասարակական կազմակերպություն, հարցումների արդյունքում, որոնց մասնակցել է 4600 ընտրող եւ 3055֊-ը համաձայնել է պատասխանել, ստացել է հետեւյալ պատկերը:

Լեոն Տեր-֊Պետրոսյանի օգտին քվեարկել է հարցվածների 37 տոկոսը: Սերժ Սարգսյանի օգտին՝ 35,4 տոկոսը: Արթուր Բաղդասարյանին ձայն է տվել հարցվածների 15,5 տոկոսը եւ Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է հարցվածների 6,4 տոկոսը: Մնացած թեկնածուները ստացել են 3 տոկոսից պակաս ձայն:

Ի դեպ, նույն կազմակերպությունը ընտրողների ուղղել է նաեւ հետեւյալ հարցը՝ «Ձեր կարծիքով, կլինի՞ արդյոք ընտրությունների երկրորդ փուլ»:
Հարցվածների 73 տոկոսը համոզմունք է հայտնել, որ երկրորդ փուլն անխուսափելի է, 27 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:

Մասնագետների վկայությամբ՝ Հայաստանում անցկացվող exit poll֊-երի հավաստիությունը մեծ կասկածներ է հարուցում եւ չի կարող լուրջ վերլուծությունների հիմք հանդիսանալ:


Աստղիկ Բեդեւյան, Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG