Մատչելիության հղումներ

Բռնություն է գործադրվել «Ժառանգություն» խմբակցության երկու պատգամավորի եւ մեկ լրագրողի նկատմամբ


Օրվա երկրորդ կեսին «Ազատություն» ռադիոկայանում ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրատեղամասում բռնություն է գործադրվել Ազգային ժողովի պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի ու Զարուհի Փոստանջյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ:

Տեղամասում լցոնման փորձ է եղել, ինչը նկատել են հանձնաժողովի անդամները: Պատգամավորները եւ լրագրողը փորձել են ֆիքսել երեւույթը, ինչից հետո, Արմեն Մարտիրոսյանի խոսքով` «փորձել են տեղամասից հեռացնել լրագրողին»: Ինքը` Մարտիրոսյանը, փորձել է պաշտպանել լրագրողին:

«Հանձնաժողովի նախագահի տեղակալը, հանձնաժողովի նախագահի հետ միասին, հերթապահություն իրականացնող ոստիկանի միջոցով` մայորի կոչումով, փորձեց ինձ դուրս հրավիրել», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մարտիրոսյանը` հավելելով, որ դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանություն: Քիչ անց ընտրատեղամաս է եկել Էրեբունի համայնքի ոստիկանապետը. - «Եվ ֆիզիկական ուժ գործադրելով իմ նկատմամբ` հրելով, խփելով, հայհոյանք տալով, սպառնալիք տալով, որ կտանի կծեծի եւ այլն, իր հետ նաեւ մի քանի ոստիկան կային հաղթանդամ: Ինձ խփելով, առաջ տարան, ու այդ պահին Լուսինեին հարվածել են որովայնի մասում: Նույն ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ. հերթապահող մայորը քաշքշել է եւ հարվածել է Զարուհի Փոստանջյանին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG