Մատչելիության հղումներ

Բռնարարք` դիտորդի նկատմամբ


«Ազատականություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Վարդունուն մի խումբ անձինք Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9/22 ընտրատեղամասում ժամը 4-ի սահմաններում խանգարել են կատարել դիտորդական առաքելությունը: Վարդունուց խլել էին դիտորդական վկայականը, անձնագիրը եւ լուսանկարչական ապարատը եւ թաքնվել Գրողների միության շենքի մուտքի մոտ կանգնած ցեխոտած համարներով ավտոմեքենաներում:

Նունե Վարդունին վրդովված դիմում էր կողքին կանգնած ոստիկաններին եւ տասնյակ մարդկանց, թե ինչո՞ւ չեն միջամտում:

«Ազատություն» ռադիոկայանին նա պատմեց, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս հենց տեղամասում են հարձակվել իր վրա, ինքն էլ անմիջապես դիմել է ոստիկանների օգնությանը:

Վարդունին պատմեց, որ տեսախցիկը խլել են, երբ իրենք մոտեցել են մեքենային, պոկել պետհամարանիշը ծածկող կպչուն ժապավենը` լուսանկարելու համար: Նա ցույց տվեց նաեւ 01SS907 պետհամարանիշով սպիտակ «Նիվա»-ն:

«Ոստիկանությունն անտարբեր կանգնած` նայում էր, թե մեր ձեռքից ոնց են խլում կամերաները», - ասաց հասարակական կազմակերպության ղեկավարը: - «Ես անգամ կարող եմ ասել, որ իրենք հրահանգ տվեցին, որ կամերան վերցնեն»:

Ոստիկանները եւ հավաքվածները տեսան նաեւ, թե ինչպես Նունե Վարդունու մատնացույց արած երիտասարդներից մի քանիսը` 7-8 հոգի, մտան Գրողների միության «Նավզիկե» բար-սրճարանի մուտքից ներս, մի քանիսն էլ նստեցին մեքենաներն ու գնացին: Իսկ Վարդունին փորձում էր ետ ստանալ իր տեսախցիկը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ոստիկաններին հարցրեց, թե ինչո՞ւ չեն միջամտում, սակայն պատասխան չստացավ:

Փոխարենը, Նունե Վարդունին պնդեց, որ «ոստիկանությունն է հրահրում նման բաները»: Նրա վկայությամբ, տեսախցիկը իրենից խլողներից մեկին ավելի վաղ տեսել էր ոստիկանների հետ նստած:

Ի վերջո, ոստիկանները Նունե Վարդունուն փոխանցեցին նրա անձնագիրը, ինչպես նաեւ դիտորդական փաստաթուղթը` պատռված վիճակում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG