Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանում քննարկում են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ԱՄՆ-ին եւ Թուրքիային շահագործման հանձնելու տարբերակը: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի փոխանցմամբ, այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

Ազիմովի խոսքերով, ադրբեջանական կողմի համար առիթ է դարձել այն, որ Ռուսաստանը որոշել է հրաժարվել հրթիռային հարձակման նախազգուշացման «Դնեպր» համակարգի շուրջ Ուկրաինայի հետ ստորագրած համաձայնագրից:

«Ադրբեջանը վարձակալության ժամկետի ավարտից հետո կարող է ամենատարբեր ձեւաչափերով օգտագործել Գաբալայի կայանը: Եթե Ադրբեջանը եւ Ռուսաստանը 2012 թվականին չերկարաձգեն վարձակալության ժամկետը, ապա հնարավոր կլինեն ամենատարբեր լուծումներ: Օրինակ, կայանը կարող է շահագործվել եռակողմ ձեւաչափով, երրորդ կողմը կարող են դառնալ ե'ւ ԱՄՆ-ը, ե'ւ Թուրքիան: Հնարավոր է նույնիսկ քառակողմ տարբերակը», - ասել է Արազ Ազիմովը:

Միաժամանակ, փոխնախարարը հերքել է մամուլում հրապարակված լուրերը, թե պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է հակահրթիռային համակարգեր տեղակայել Թուրքիայում եւ Ադրբեջանում, եւ ասել է, որ «նման առաջարկ չի արվել»:

«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է, որ եթե ամերիկացիները իրագործեն Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղակայելու իրենց ծրագիրը, ապա ռուսները ստիպված կլինեն նոր համակարգեր ստեղծել արդեն իրենց տարածքում, իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կհրաժարվի Գաբալայից:

«Նեզավիսիմայա գազետա»-ն վկայակոչել է ռուսաստանցի անվանի փորձագետ, գեներալ-մայոր Պավել Զոլոտարեւին, ով ասել է, որ Գաբալայի կայանը հնարավոր չէ ուղղել Ռուսաստանի դեմ. դա հսկայական կառույց է, որը 180 աստիճանով շրջել անհնար է: Ըստ փորձագետի` այն հնարավոր չէ նաեւ շահագործել առանց ռուսաստանցի մասնագետների:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG