Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը բացառում է, որ ընտրություններից հետո երկրում հեղափոխական իրավիճակ ստեղծվի: Այդ մասին նա հայտարարեց` Երեւանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Չեմ տեսնում այդպիսի իրավիճակ, երբեք չեմ տեսել այդպիսի իրավիճակ մեր հանրապետությունում», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

«Հետընտրական պայքար չե՞ք սպասում», - այս հարցին վարչապետը արձագանքեց. - «Հետընտրական պայքարը պայքար է մեր ծրագրերի իրականացման համար: Գիտեք, մենք արդեն կառավարություն ունենք կազմած, եւ չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինելու են կառավարության կազմում, որովհետեւ կառավարությունը կազմվել է ընդամենը 9 ամիս առաջ, կառավարությունը լավ արդյունքների է հասել, եւ էական փոփոխությունները չգիտեմ թե ինչով պետք է պայմանավորված լինեն: Բայց որ մենք օգտագործում ենք բոլոր ուժերը` սա ակնհայտ է: Մենք կարող էինք միայնակ կառավարություն կազմել, բայց մենք հրավիրեցինք «Բարգավաճ Հայաստան»-ին, Դաշնակցությանը, անկուսակցական նախարարներ նշանակեցինք: Մենք օգտագործել ենք բոլորի ուժերը»:

Սերժ Սարգսյանը ամենաէականը ընտրությունների փուլերի քանակը չի համարում. - «Ես համարում եմ, որ ամենից կարեւորն այն է, որ այսօր ընտրություններն ավարտենք, եւ ընտրությունների արդյունքի նկատմամբ վստահությունը լինի մեծ: Սա է կարեւորը»:

Նա նաեւ վստահեցրեց, որ իր տրամադրությունը «լավ, փայլուն» է:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG