Մատչելիության հղումներ

«Տրամադրությունս տոնական է եւ հաղթական», - հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով տիկնոջ հետ իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի թիվ 10/28 ընտրատեղամասում:

«Ես, բնականաբար, քվեարկեցի նոր Հայաստանի օգտին, որը վերջ կդնի աղքատությանը, ամենաթողությանը: Նոր Հայաստան, որ նշանակում է` նոր ռազմավարություն եւ նպատակներ մեր ազգի, մեր երկրի համար», - ասաց Արթուր Բաղդասարյանը: - «Ի վերջո, ես քվեարկեցի նոր սկզբի ժամացույցը միացնելու օգտին, որը նշանակում է` հաջողություններ ու հնարավորություններ մեր բոլոր օջախներին եւ հայրենակիցներին»:

Նախագահի թեկնածուն օրը անցկացնելու է նախընտրական գրասենյակում եւ սպասելու է լավ լուրերի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իր կարծիքով, ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, թեկնածուն պատասխանեց. - «Բազմիցս ասել եմ, որ ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով ընտրված Հայաստանի նախագահը` նշանակում է մեր երկիրը դատապարտել: Ես ցանկանում եմ, որ ընտրությունները անցնեն բաց, ազատ, թափանցիկ, եւ ժողովուրդը կարողանա ընտրել իր երկրի նախագահին»:

Ընտրախախտումների մասին հարցին Արթուր Բաղդասարյանը արձագանքեց. - «Մեր «թեժ գիծը» գործում է, լրագրողները կարող են մշտապես կապի մեջ լինել նաեւ մեր գրասենյակի հետ` ստանալու օպերատիվ տեղեկատվություն: Առավոտյան ժամը 11-ի դրությամբ կա որոշակի փոքրիկ խախտումների հետ կապված տեղեկատվություն, բայց օրը նոր է սկսվում»:

Նա նաեւ դրական պատասխանեց մյուս թեկնածուների հետ համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցին:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG