Մատչելիության հղումներ

«Եթե Կոսովոյին կարելի է՝ ինչո՞ւ մեզ չի կարելի»


Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ղեկավարները անմիջապես արձագանքել են Կոսովոյի անկախության հռչակմանը եւ արեւմտյան որոշ երկրների կողմից այն ճանաչելու պատրաստակամությանն ու այժմ հարց են տալիս. - «Եթե Կոսովոյին կարելի է, ապա ինչո՞ւ մեզ չի կարելի»:

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը երեկ Մոսկվայում հրավիրած ասուլիսում հայտնել է, որ Սուխումին պատրաստվում է ՄԱԿ-ին եւ Անկախ պետությունների համագործակցությանը ներկայացնել դիմում Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով: Դրանում նշված կլինի, որ Կոսովոյի համեմատությամբ «Աբխազիայի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունն ավելի հիմնավորված է»:

«Ինչ վերաբերում է Կոսովոյի դեպքի բացառիկությանը` ոչ մի բացառիկ բան էլ չկա, ցանկացած հակամարտություն, «թեժ կետ», անկախության ձգտող տարածք իր տեսակի մեջ բացառիկ է: Մենք համոզված ենք, որ հակամարտությունների նկատմամբ պետք է լինի համընդհանուր մոտեցում: Կսխալվեն նրանք, ովքեր կմտածեն, թե Կոսովոյի ճանաչումից հետո Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը կդադարեն ձգտել անկախության», - ասել է Բագապշը:

Նմանօրինակ հայտարարությամբ հանդես է գալու նաեւ Մերձդնեստրի խորհրդարանը:

Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր 3ակուբաշվիլին ասել է, որ Վրաստանը մտադիր չէ ճանաչել Կոսովոյի անկախությունը, եւ չի կարելի որեւէ զուգահեռ անցկացնել Վրաստանի խնդիրների հետ:

«Որքան շուտ մոռանանք «Կոսովո» բառը, այնքան ավելի լավ մեզ, ռուսների եւ աբխազների համար: Մենք Կոսովոն չենք ճանաչում, դա մեր շահերից չի բխում, կարծում եմ, Ռուսաստանն էլ չի ճանաչելու Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախությունը», - ասել է պետնախարարը:

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Կոսովոն, այնուամենայնիվ, բացառիկ է այն առումով, որ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձեւը, որը ենթադրում է Կոսովոյի կարգավիճակի հնարավոր փոփոխություն, մինչդեռ, օրինակ, Վրաստանի տարածքային ամբողջականությունը որեւէ բանաձեւով կասկածի տակ չի առնվել:

«Ռուսաստանը ռիսկի է դիմում` ակնարկելով, թե Կոսովոն կարող է նախադեպ դառնալ հետխորհրդային անջատողական տարածքների համար: Ռիսկը այն է, որ դա կարող է տարածվել ոչ միայն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, գուցե նույնիսկ Լեռնային Ղարաբաղի վրա, այլեւ հասնել բուն Ռուսաստանի տարածք՝ Չեչնիային եւ Հյուսիսային Կովկասի այլ շրջաններին», - ասել է Սաբինա Ֆրեյզերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG