Մատչելիության հղումներ

Հայաստանում նախագահական ընտրություններ են


Այսօր Հայաստանում հերթական նախագահական ընտրություններն են անցկացվում, որոնց արդյունքում ընտրվելու է հանրապետության երրորդ նախագահը:

Քվեաթերթիկներում ընդգրկված են 9 թեկնածուների անուններ` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ եւ խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյան, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյան, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյան, ինքնաառաջադրման կարգով առաջադրված Արման Մելիքյան, Հանրապետական կուսակցության նախագահ եւ գործող վարչապետ Սերժ Սարգսյան, ինքնաառաջադրման կարգով առաջադրված` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան:

Քվեարկությունն անցկացվում է 1923 ընտրական տեղամասերում: Այն սկսվել է առավոտյան ժամը 8:00-ին եւ կավարտվի ժամը 20:00-ին:

Ոստիկանության` երեկ հրապարակած տվյալներով, ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 328 հազար 320:

Քվեարկության նախնական ամփոփ արդյունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի մինչեւ փետրվարի 20-ի ժամը 20:00-ը, իսկ վերջնական պաշտոնական ամփոփ արդյունքը` մինչեւ փետրվարի 26-ը ներառյալ:

Ընտրությունների ընթացին հետեւում են 620 միջազգային եւ ավելի քան 14 հազար տեղական դիտորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG