Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպել է Հեյկի Տալվիտիեի եւ Փիթեր Սեմնեբիի հետ


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան փետրվարի 25-ին այցելելու է Հայաստան: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Տալվիտիեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին համակարգելու է Հայաստանում ԵԱՀԿ-ի բազմաթիվ առաքելությունների աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընտրությունների քարոզարշավի, նախընտրական իրավիճակի վերաբերյալ: Հեյկի Տալվիտիեն փոխանցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի ակնկալիքները, որ ընտրությունները կանցկացվեն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:

Կողմերը քննարկել են Կոսովոյի կողմից անկախության հռչակման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ միջազգային հանրության արձագանքը:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նշվել է բանակցությունները ներկայացված առաջարկության հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Կոսովոյի կողմից անկախության հռչակման շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Սեմնեբին տեղեկացրել է, որ այսօր Բրյուսելում կայանալու է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում` նվիրված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայաստանի նախագահական ընտրությունների առնչությամբ նշվել է, որ առաջիկա ընտրությունները աչքի են ընկնում մրցակցությամբ, եւ այս առումով հատուկ կարեւորվել է ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Կողմերն ընդգծել են նաեւ, որ ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում միանշանակորեն կնպաստի Եվրամիության հետ համագործակցության խորացմանը:


(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Հեյկի Տալվիտիե)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG