Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը եւ ԿԸՀ-֊ն ընտրողների վերաբերյալ վերջնական տվյալներ են հրապարակել


Հայաստանի ոստիկանությունը այսօր պաշտոնապես հրապարակեց այն ընտրողների թիվը, որոնց անուններն ընդգրկված են ընտրողների գրանցամատյանում՝ 2 միլիոն 328 հազար 320 մարդ:

Միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանն այսօր հրավիրած ասուլիսում՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ մոտ 19 հազար մարդ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում. դրանք ըստ բնակության եւ ոչ թե ըստ հաշվառման վայրի քվեարկողներն են:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողները մոտ 2,5 հազար են: Քվեարկության պահին գործուղման մեջ գտնվող ոստիկանների թիվը դեռ կհրապարակվի, ժամկետային զինծառայող ընտրողների թիվը հրապարակման ենթակա չէ:

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղարի հաղորդագրության համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող` ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմում է 530 մարդ:

ԿԸՀ-ի քարտուղարը ասուլիսում ասաց նաեւ, որ քվեարկության օրը exit poll-եր անցկացնելը չի արգելվում, բայց դրանց արդյունքները հրապարակման ենթակա չեն մինչեւ քվեարկության ավարտը, եւ դրանք կարելի է անցկացնել միայն ընտրական տեղամասից դուրս:

Քվեարկությունը կսկսվի առավոտյան 8-ին եւ կավարտվի ժամը 20-ին: Դրա ընթացքը, Բախչագուլյանի խոսքով` «ոչ մի պարագայում չի կարող երկարաձգվել»:

Քվեարկության նախնական ամփոփ արդյունքը ԿԸՀ-ն պետք է հրապարակի մինչեւ փետրվարի 20-ի ժամը 20-ը: Իսկ վերջնական պաշտոնական ամփոփ արդյունքը` մինչեւ փետրվարի 26-ը ներառյալ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG