Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողջունի Կոսովոյի անկախության ճանաչումը:

«Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է. - «Եթե երկրները ճանաչեն Կոսովոյի անկախությունը եւ չճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մենք կսկսենք մտածել երկակի ստանդարտների մասին»:

Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Կոսովոյի միջազգային ճանաչումը «չի նշանակում, որ Հայաստանը անմիջապես ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, Սերժ Սարգսյանն ասել է. - «Մենք պետք է որոշակի ճկունություն հաղորդենք մեր արտաքին քաղաքականությանը: Կարծում եմ, ամենակարեւոր հարցերից մեկը՝ հարեւանների հետ լավ հարաբերությունների հաստատումն է»:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին, վարչապետը կարծիք է հայտնել. - «Իմ շանսերը գնահատում եմ որպես շատ լավ: Եթե առաջիկա օրերին որեւէ արտառոց բան չպատահի, ընտրությունները կավարտվեն մեկ փուլով»:

Հետընտրական հնարավոր բողոքի գործողությունների մասին Սերժ Սարգսյանն արտահայտվել է այսպես. - «Մենք ունենք պետական մարմիններ՝ մեր երկրում օրենքը եւ կարգուկանոնը պաշտպանելու համար»:

Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի դերակատարություն ունենալ կառավարությունում, թեեւ չի մանրամասնել, թե դա ինչ է լինելու:

«Մենք համագործակցել ենք ավելի քան 27 տարի շարունակ, ուրեմն ինչո՞ւ չոգտագործել ապագայում պարոն Քոչարյանի գիտելիքները եւ փորձը»,֊ - եզրափակել է Սերժ Սարգսյանը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG