Մատչելիության հղումներ

«Ավազակախումբն արդեն պարտված է, իսկ ժողովուրդը` հաղթած», - այսօրվա բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով, փետրվարի 19-ին մնում է միայն իրավականորեն ձեւակերպել այդ հաղթանակը:

Իր այսօրվա ելույթը նախագահի թեկնածուն սկսեց հետեւյալ բառերով` «համարեք սա մտերիմ զրույց հաղթանակից առաջ»:

«Ես այսօր խոսում եմ արդեն հաղթած ժողովրդի հետ», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը: - «Նավը արդեն խորտակված է: Եթե անգամ թաղապետեր, քաղաքապետեր դեռեւս մոլորության մեջ են, նրանց մի մասը դեռեւս կարծում է, որ սրանք իսկապես անհաղթահարելի են, իրենց սովորության համաձայն` խաղադրույք են կատարում կազինոներում, ապա սխալ խաղադրույք է` նրանք պարտված կողմի վրա են խաղադրույք կատարել: Իսկ եթե դա գիտակցելով հանդերձ` շարունակում են կանգնած մնալ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողքին, ապա նրանք դավաճանություն են գործում այս ժողովրդի հանդեպ»:

«Ավազակապետությունից ազատվելու համար ընդամենը պետք է կատարեք ձեր քաղաքացիական պարտքը եւ միահամուռ կերպով մասնակցեք ընտրությանը, ձեր անտարբերությունը կարող է ձախողել համաժողովրդական շարժման գործը», - ասաց նախագահի թեկնածուն:

Թաղապետերին, քաղաքապետերին, գյուղապետերին եւ ոստիկանապետերին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր օրինազանցություն նրանց համար կունենա լուրջ իրավական հետեւանք. - «Որքան ավելի շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ժողովրդի հաղթանակը ավելի երաշխավորված կլինի: Ոչ ոք իրավունք չունի նստել տանը, երբ վճռվում է ժողովրդի բախտը, ձեր երեխաների ապագան»:

Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքում անդրադարձավ նաեւ շաբաթվա սկզբին Մոսկվա կատարած իր այցելությանը` ասելով. - «Ինձ հրավիրել էին Մոսկվա, որտեղ ունեցել եմ շատ կարեւոր հանդիպումներ: Եվ այդ հանդիպումներից կարող եմ եզրակացություն անել, որ Ռուսաստանը Հայաստանը դիտում է իբրեւ իր կարեւոր գործընկեր»:

«Ռուսաստանի համար երկրորդական չէ, թե ով է այդ գործընկերը: Նա հստակ տարբերում է Հայաստանի պետությունը Հայաստանի վարչախմբից: Ռուսաստանին պետք է իրեն պատիվ բերող գործընկեր: Ռուսաստանին պետք է սեփական ժողովրդի վստահությունը վայելող գործընկեր», - հայտարարեց նախագահի թեկնածուն` հավելելով. - «Այդպիսին Ռուսաստանը Հայաստանի ներկա վարչախումբը չի համարում: Ռուսաստանը այդպիսին կհամարի փետրվարի 19-ին համաժողովրդական քվեարկությամբ ընտրված իշխանությանը, որի թեկնածուն նվաստս է»:

Այսօր Տեր-Պետրոսյանի կողքին Օպերայի հարթակում կանգնած էին այն երկու տասնյակից ավելի կուսակցությունների առաջնորդները, որոնք թեկնածուին սատարելու որոշումներ ունեն:

Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր: Մարդիկ անգամ կանգնած էին Կարապի լճի մոտ, Թումանյան փողոցից այն կողմ` Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, Օպերայի շրջակայքի սրճարանների տարածքում:

Հանրահավաքից հետո կազմակերպվեց երթ Երեւանի կենտրոնով, որի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ կրկին ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Լեւոն» եւ «Հաղթանակ»:

Կրկին ելույթ ունենալով Ազատության հրապարակում` Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին հանել իր թեկնածությունը:

«Լուրջ քաղաքական առաջարկ եմ անում՝ արժանապատիվ կերպով հեռանալ իշխանությունից, ինչը, ես վստահ եմ, ըստ արժանվույն կգնահատվի մեր ժողովրդի կողմից», ֊- ասաց թեկնածուն:

Լեւոն Տեր-֊Պետրոսյանը նաեւ հորդորեց Արթուր Բաղդասարյանին «դեմ չգնալ ժողովրդական շարժմանը»:

Դիմելով Արթուր Բաղդասարյանին` Տեր-֊Պետրոսյանը զգուշացրեց. - «Եթե դու խանգարելու ես այս շարժմանը, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի դու ոչ մի ձայն չստանաս»:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանը նաեւ ասաց. -֊ «Ես չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք առաջին փուլով: Սակայն եթե վարչախումբը փորձի նախկինի նման թվեր նկարել եւ ընտրությունների ինչ֊-որ արդյունք արձանագրել, որով Սերժ Սարգսյանն, իբրեւ թե, հաղթել է, փետրվարի 20-֊ին նախատեսված մեր հանրահավաքը դառնալու է տեւական, եւ մենք ձեզ հետ միասին օգտագործելու ենք բոլոր միջոցները՝ բողոքարկելու, պահանջելու եւ հասնելու այդ արդյունքների վերանայմանը: Մեզանից ոչ ոք տուն չի գնա՝ մինչեւ մենք տեր չկանգնենք մեր հաղթանակին եւ մեր երկրին»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG