Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազի բնակարանից գողության փորձ է կատարվել


Անցած գիշեր՝ ժամը 02:15-ի սահմաններում, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարանից գողության փորձ է կատարվել: Գողության նպատակով բնակարան մտած անձին նկատել է Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ նրա փախուստը՝ չնայած ցուցաբերված դիմադրությանը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խմբին հաջողվել է պարզել, որ տվյալ անձը Հայաստանի քաղաքացի, նախկինում երեք անգամ դատված, 32-ամյա Արտակ Կարապետյանն է:

Կարապետյանն առաջին անգամ դատապարտվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Ռամենսկի ժողովրդական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում կատարելու համար, երկրորդ անգամ` Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 2 տարվա ազատազրկման` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու համար, իսկ երրորդ անգամ՝ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 4,5 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով խոշոր չափերով գողության համար: Կարապետյանը պատժի կրումից պայմանական վաղակետ ազատ է արձակվել անցյալ տարվա ապրիլի 27-ին` ունենալով 9 ամիս 10 օր պատժի չկրած մաս:

Արտակ Կարապետյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է մեկ զույգ սեւ գույնի բրդյա ձեռնոց, ծալովի, գաղտնի փականով, 7,5 սմ երկարությամբ շեղբով, լապտերով դանակ, 500 դրամ:

Դեպքի առթիվ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական, մանրաթելային փորձաքննություններ:

Արտակ Կարապետյանը այսօր ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG