Մատչելիության հղումներ

Կանանց երթ` խաղաղության կոչով


Դաշնակցության «Հայ օգնության միության» նախաձեռնությամբ այսօր 100-ից ավելի կանայք խաղաղ երթ էին կազմակերպել: Վանկարկելով` «Խաղաղություն», կրելով «Ոչ ատելությանը», «Ոչ ընտրակաշառքին», «Կանգ առեք, եղբայրներ» «Հանուն երկրի կայունության» գրություններով պաստառներ` երթի մասնակիցները ուղեւորվեցին նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներ, որտեղ երկինք բաց թողեցին սպիտակ աղավնիներ եւ իրենց ուղերձը հանձնեցին շտաբների ներկայացուցիչներին:

Ուղերձում, մասնավորապես, ասված էր. - «Ոչ մի իշխանական աթոռ, ոչ մի քաղաքական նկրտում ավելի բարձր չէ, քան մեր ժողովրդի հազարամյակների մաքառումը` որպես Ազգ ապրելու իր սեփական Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայրենիքում, որ «Հայոց աշխարհ» է կոչվում: Օրեցօր ահագնացող անհանդուրժողականությունը, չարությունը, փոխադարձ սպառնալիքներն ու ատելությունը հասել են խիստ վտանգավոր սահմանագծի: Ընտրություններով կյանքը ոչ սկսվում է, ոչ էլ վերջանում: Հայրենիքը բոլորինս է, այն վտանգելու իրավունք ոչ ոք չունի: Կա’նգ առեք, եղբայրնե’ր»:

ՀՕՄ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տիկինը` Վեհանուշ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կոչ ենք անում զգաստության, կոչ ենք անում համերաշխության, կոչ ենք անում, որ ընտրությունների համար չվտանգվի կայունությունը, անդորրը, մեր երեխաների վաղվա օրը: Ինչ որ ստեղծել ենք` կարողանանք պահպանել. սա է մեր ամբողջ պահանջը մեր հայ տղամարդկանցից»:

ՀՕՄ-ի նախագահ, Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես վախենում եմ արյունապղծությունից, որովհետեւ քաղաքացիական բախումները արյունապղծություն է: Երբեք, 100 տարի չեն մոռանա: Պատերազմը` սարսափելի բան եմ գուցե ասում, կներեք, բայց բյուրեղացնում է ազգը, համախմբում է ազգը, եղբայրասպանությունը 100 տարով հետ է մեզ գցելու»:

Երթի մասնակիցները ուղեւորվեցին նաեւ դեպի Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի շենք, որի երկրորդ հարկի բաց պատշգամբից նրանց դիմեց նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը. - «Ձեր ամուսիններին, եղբայրներին, որդիներին` բոլորին բացատրեք հետեւյալը` ցանկացած ձայն, որ գնում է հին իշխանության կամ այսօրվա իշխանության ներկայացուցչին, այդ երկու թեւերը, նույն բեւեռի այդ երկու տարբեր թեւերը ուժեղացնում եւ դարձնում է հանդուգն, լկտի, եւ ձեր ամեն մի ձայն, մեր քաղաքացիների ամեն մի ձայն նրանց գնացած կարող է իսկապես սպառնալիք ու վտանգ դառնալ բախումների»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG