Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը կոչ է անում դադարեցնել «սեւ քարոզչությունը»


Գալիք երեքշաբթի կայանալիք նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր Վանաձորի հանրահավաքում կոչ արեց «դադարեցնել սեւ քարոզչությունը»:

«Ոչ մի սուտ, ոչ կեղծիք, ոչ շանտաժ եւ զրպարտություն չի կարող ինձ կանգնեցնել», - հայտարարեց նախագահի թեկնածուն: - «Սերժ Սարգսյանի հովանավորության ներքո գործող լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր, ստահոդ լուրեր, բերում-բաժանում են ժողովրդին: Նույնը սկսել է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանը իր լրատվամիջոցներով»:

Բաղդասարանը դա բացատրեց երկու թիմերում ստեղծված «ցայտնոտային իրավիճակով»:

Հայտարարելով, որ ողջ քարոզարշավի ընթացքում ինքը «ոչ մի թթու խոսք» կամ «անձնական վիրավորանք» այլ թեկնածուների նկատմամբ չի հնչեցրել` «Օրինաց երկիր»-ի առաջնորդը շարունակեց. - «Բայց դուք տեսեք` մի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից` իշխանությունը` Սերժ Սարգսյանը, շարունակում են իրենց լրատվամիջոցների միջոցով վարկաբեկիչ, անվանարկիչ, ստոր լուրեր տարածել»:

Բաղդասարյանը ասաց, որ «ցանկացած համախմբում կարող է տեղի ունենալ միայն առաջին փուլից հետո». - «Ով որ կհաղթի, ով որ դուրս կգա, թող նրան էլ միավորվեն: Շանտաժով միավորման հորդորները մենք դատապարտում ենք: Կոչ ենք անում դադարեցնել սեւ քարոզչությունը»:

Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին խոսելով` նախագահի թեկնածուն ասաց, որ երկրում առաջընթաց չկա, եւ իշխանությունները չունեն վիճակը բարելավելու հստակ ծրագիր:

«Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջոցով երկիրը դարձել է մի քանի հոգու բոստանը», - հայտարարեց նա:

Արթուր Բաղդասարյանը դատապարտեց վախի ու անազատության մթնոլորտը, խոսեց դոլարի արժեզրկման ու դրա հետեւանքների մասին: Նրա հրապարակած տվյալներով, անցած տարի Հայաստան ուղարկված 2,5 միլիարդ դոլարից արժեզրկման հետեւանքով մարդիկ կորցրել են 200 միլիոնը:

Ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը` խոստացավ 5 տարում ստեղծել 150 հազար նոր աշխատատեղ:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG