Մատչելիության հղումներ

Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրամիության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքը, որը բացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն:

Հավաքի մասնակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում Եվրոպական միության եւ Սեւծովյան տարածաշրջանների երկրների համագործակցության հնարավորությունները:

Երեկ Կիեւում ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ Սեւծովյան տնտեսական համագործակցությունը չի հասել բարձրագույն աստիճանին եւ չի համապատասխանում իր անվանը: «Այդ բացթողումը կազմակերպությունը կարող է լրացնել, եթե փորձի օգտագործել ընձեռված մի նոր հնարավորություն՝ դառնալ կամուրջ Եվրոպայի եւ նրա հարեւաների, Եվրոպայի եւ մեր հարեւանների միջեւ», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Վարդան Օսկանյանը ասել է նաեւ, որ այս տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանն է ստանձնելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը եւ անպայման կշարունակի ծառայել որպես կամուրջ հին եւ նոր հարեւանների համար:

Նախարարներն ընդունել են համատեղ հայտարարություն եւ ԵՄ-ՍՏՀԿ գործընկերության մասին հռչակագիր:

Հայաստանի արտգործնախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, Վարդան Օսկանյանը Հայաստանի անունից ստորագրել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կառավարությունների միջեւ Սեւծովյան տարածաշրջանի ծովային ուղիների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Կիեւում տեղի ունեցած հավաքի շրջանակներում Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Վրաստանի եւ Սերբիայի արտգործնախարարներ Դավիթ Բակրաձեի եւ Վուկ Երեմիչի հետ:

Բակրաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր: Կողմերը վերահաստատել են բարեկամական հարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը: Հակամարտությունների կարգավորման վերաբերյալ կա մոտեցումների տարբերություն, սակայն կողմերը շարունակելու են այս հարցում միմյանց շահերը հաշվի առնելու շրջահայաց քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հնարավորին չափ նպաստել Հարավային Կովկասում կայունության հիմնասյուներից մեկը հանդիսացող հայ - վրացական հարաբերություններին:

Երեմիչի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Կոսովոյի խնդրին:

Այսօր Վարդան Օսկանյանը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոյի հետ: Նախարարները նշել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, Կոսովոյի ակնկալվող անկախությանը հաջորդող զարգացումների, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՎՈւԱՄ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի շուրջ կողմերի դիրքորոշումների մասին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` վերջին հարցի շուրջ նախարարները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները ՄԱԿ-ում ներկայացուցչությունների մակարդակով:

ՍՏՀԿ-ի կազմում են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սերբիան եւ Ուկրաինան: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում:


Արմեն Քոլոյան, Պրահա

(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Դավիթ Բակրաձե)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG