Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կանխատեսում է իր հաղթանակն առաջին փուլում


Հայաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»-֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու:

Անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության ճամբարից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները կեղծիքների են դիմում` իր հաղթանակն ապահովելու համար, Սերժ Սարգսյանն ասել է. - «Երբեւէ տեսե՞լ եք որեւէ երկիր, որտեղ ընդդիմությունը իշխանությունների հասցեին մեղադրանքներ չի հնչեցնում, հատկապես ընտրությունների շրջանում: Այդ մեղադրանքների 99 տոկոսը իրականության հետ կապ չունի»:

Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները սպառնում են իրենց աջակիցների հետ փողոց դուրս գալ, եթե համոզվեն, որ ընտրությունները կեղծվել են, փաստում է «Ֆրանսպրես»֊-ը:

Անդրադառնալով այդ հեռանկարին, Սերժ Սարգսյանն ասել է, թե ինքը չի վախենում հետընտրական անկարգություններից: «Վստահ եմ, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա: Վերջին 15 տարիներին մեր իրավապահ մարմինները ուժեղացվել են եւ կարող են իրականացնել իրենց առջեւ դրված ցանկացած առաջադրանք»:

«Նախագահ ընտրվելու դեպքում ես մտադիր եմ շարունակել Ռոբերտ Քոչարյանի ուղեգիծը», - ասել է Սերժ Սարգսյանը եւ մանրամասնել. - «Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը շատ պարզ է` տնտեսական աճը դարձնել շարունակական, դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ , բարելավել հարաբերությունները հարեւանների հետ եւ խաղաղ ճանապարհով լուծել Lեռնային Ղարաբաղի խնդիրը»:

«Դուք այստեղ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք», - հարցրել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով տարածաշրջանի հիմնախնդիրների մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:

Նա համաձայնել է ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահների այն դիտարկմանը, թե ղարաբաղյան խնդրում շատ քիչ չլուծված հարցեր են մնացել:

«Հայաստանը մնում է պատրաստակամ` Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի հարաբերություններ հաստատելու հարցում», - ասել է Սերժ Սարգսյանը եւ մեղադրել Անկարային` հարցը փակուղի մտցնելու համար:

«Այժմ գնդակը Անկարայի դաշտում է: Մենք պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքերն են, որ նախապայմաններ են դնում, մինչդեռ մենք չենք կարող ընդունել թուրքերի պահանջը, երբ նրանք կոչ են անում մեզ միանալ իրենց` Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG