Մատչելիության հղումներ

logo-print

Հրանտ Մարգարյան. «Իշխանությունները ամեն ճիգ թափեցին, որպեսզի քարոզարշավը անցնի ապաքաղաքական մթնոլորտում»


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ նախագահի ընտրության երկրորդ փուլն անհրաժեշտ է, եւ իրենք արդեն այսօրվանից պատրաստվում են երկրորդ փուլին:

Իսկ ավարտվող քարոզարշավի վերաբերյալ Մարգարյանը ասաց հետեւյալը. - «Իշխանությունները ամեն ճիգ թափեցին, որպեսզի քարոզարշավը անցնի ապաքաղաքական մթնոլորտում, ինչ-որ մութի մեջ, լոզունգային մակարդակով, միտինգների մակարդակով»:

Դաշնակցությունը նախագահի վերջին երկու ընտրություններում աջակցել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008-ին Քոչարյանը ոչ միայն պաշտոնապես չաջակցեց, այլեւ քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ հայտարարություն չարեց թեկնածու Վահան Հովհաննիսյանի մասին. այս դիտարկմանը եւ հարցին, թե արդյո՞ք դա չի անհանգստացնում իրենց, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. - «Չի անհանգստացնում: Մենք չենք ունեցել պայմանավորվածություն, որ Ռոբերտ Քոչարյանը մեզ պաշտպանի: Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, կեցվածքը ի նպաստ Սերժի մեզ վաղուց է հայտնի եղել... Եվ մեր հույսը վերջապես Ռոբերտ Քոչարյանը չէ: Մեր հույսը ժողովուրդն է, որ գա քվեարկի մեր օգտին»:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը ասաց, թե լավ է վերաբերում միավորման գաղափարին:

Իսկ թեկնածուներից մեկի մասին, առանց անուն տալու, ասաց. - «10 տարի իրենք ընկած էին` չխփեցինք, խնայեցինք, ոչ մի անգամ չխոսեցինք: Հակառակ այն բանին, որ ամենից անհավանական էր թվում, մենք ընդունեցինք, որ ինքը գա մեր գրասենյակ, ինչ-որ առումով զղջա իր անցյալի համար` հույս ունենալով, որ նոր սկիզբ ենք դնում, քաղաքակիրթ սկիզբ ենք դնում... Բայց մի քանի հազար մարդ հավաքվեց շուրջը` նորից նույն կեցվածքը ունի, նորից նույն բաներն է ասում մեզ... դավաճան է կոչում: Այսինքն` ինքն է պարտավորեցնում հակառակ կեցվածքը: Ինքը եկավ մեր գրասենյակ եւ մեզ ասաց, որ շատ լավ եք արել, որ թեկնածու եք դնում, որովհետեւ, ասում է, դուք մեր մրցակիցը չեք, ով որ ձեզ ձայն է տալիս, երբեք ինձ ձայն չի տա: Իսկ այսօր ասում է` ով որ թեկնածու է դրել, Սերժի համար է ծառայում... Ասում է` Սերժը ձեր հին ընկերն է... Մեր ընկերն է, ու իր ընկերը չի եղել, հա՞...»:

Մարգարյանը նաեւ մտահոգություն հնչեցրեց, որ ընտրական հողի վրա կարող են եւ բախումներ լինել. - «Մեր քաղաքական դաշտը, ցավոք սրտի, մեր հասարակությանը շատ է նման: Հաճախ հանդիպում եմ մարդկանց, որոնք մի քիչ հաստ վիզ ունեն, մի քիչ էլ հաստ բազուկ եւ կարծում են հոխորտանքով կարող են սարսափի մեջ պահել ամբողջ մթնոլորտը. եթե ինձ հետ չես` դավաճան ես, եթե ինձ հետ չես` գող ես... Այս մոտեցումը հանցագործ աշխարհի մոտեցում է: Բայց եթե տղամարդու պես կանգնում ես դիմացը, դառնում է խեղճ եւ թույլ մարդ»:

«Իբր թե իշխանափոխություն տեղի ունեցավ [1998-ին]: Մի ուժ հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը, որը պետք է պատերազմեր արտաքին թշնամու դեմ: Տասը տարուց հետո մարդը վերադառնում է իբրու պատերազմի կուսակցության` կջարդեմ, կփշրեմ, կբռնեմ, բայց` ներքին թշնամուն», - ասուլիսի վերջում ասաց Հրանտ Մարգարյանը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG