Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը փոխանցել է. - «Ընտրություններից մի քանի օր առաջ կարելի է արձանագրել, որ իշխանությունները հասել են իրենց նպատակին. ընդդիմադիր թեկնածուների մեջ հարաբերությունները վատ են, իսկ նրանցից ամեն մեկի եւ Տեր-Պետրոսյանի հարաբերությունները` շատ վատ»: «Եթե Արտաշես Գեղամյանի հարցում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի պարագայում չի կարելի ասել, որ Տեր-Պետրոսյանն անմասն մնաց ընդդիմադիր ճամբարում լարվածություն ստեղծելուց», - ընդգծել է խմբագիրն ու հավելել. - «Բայց քննադատել առաջին նախագահին, մարդու լեզուն ճիշտն ասած, չի պտտվում՝ այն ցինիկ, ստորաքարշ եւ կացնային քարոզչության ֆոնի վրա, որ նրա դեմ ծավալալ են մեր «պատասխանատու» հեռուստաընկերությունները»: «Ամիսներ կամ գուցե շաբաթներ հետո նրանք ասելու են՝ «մեզ ստիպում էին», - եզրափակել է խմբագրականը։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչությանը անդրադառնալով, շեշտադրել է. - «Տեր-Պետրոսյանի քարոզչական ողջ մարտավարությունը կառուցված է ոչ թե Հայաստանի ընտրողներին համոզելու, այլ իրավիճակը սրելով՝ իշխանության պատասխան ռեակցիան հրահրելու նպատակադրման վրա, ինչը մի կողմից՝ հերոսանալու, մյուս կողմից՝ միջազգային կարծիքը ապակողմնորոշելու նպատակ ունի»։ «Նախկին նախագահն ու նրա քաղաքական թիմը ապացուցում են, որ իրենց բուն նպատակը թեկնածուներին տրված քարոզչական հնարավորությունների օգտագործումն է ոչ թե փետրվարի 19-ին՝ քվեարկության օրը հաղթելու, այլ հետընտրական շրջանում որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու համար», - բխեցրել է մեկնաբանը։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն իրոք համաժողովրդական է, որովհետեւ միայն ժողովուրդը կարող էր հավաքել, համախմբել այսքան բազմազան ուժերի»: «Եթե մի պահ ուշադիր ուսումնասիրենք համաժողովրդական շարժմանը մասնակցող եւ դրան սատարող ուժերի ցանկը, կհասկանանք, որ այնտեղ չկա որեւէ քաղաքական ուժ, որ երբեւէ սատարած լինի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին», - ընդծգել է խմբագիրն ու, նկատի ունենալով «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական վարքագիծը, գնահատել. - «Այս իմաստով շատ տրամաբանական է, որ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը խաղեր է տալիս Սերժ Սարգսյանի հետ»։ «Ի վերջո, ՕԵԿ-ն այն քաղաքական ուժն է, որ մշտապես եղել է Քոչարյան-Սարգսյան զույգի կողքին, 2003 թվականին սատարել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը», - հիշեցրել-եզրափակել է խմբագիրը։

«Իսկական իրավունք» թերթի հարցազրույցում Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը պնդել է. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը միանար Արթուր Բաղդասարյանին իրեն սատարող ուժերով, նա կհերոսանար եւ հենց առաջին փուլում կհաղթեինք։ Եթե Արթուր Բաղդասարյանը միանար Լեւոն Տեր-Պետրոսյանին, լուրջ ձայներ կկորցնեինք: Մենք որոշում ենք կայացրել միավորումների խնդրին անդրադառնալ ընտրությունների երկրորդ փուլում, որովհետեւ քաղաքական զարգացումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ առաջին փուլում նախագահական ընտրարշավը ավարտելու հնարավորություններ չկան»։

«Տարեգիր» թերթի խմբագրականը, համոզմունք հայտնելով, թե «այժմ միակ խնդիրն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի ընտրությունների իրական արդյունքները», զուգահեռել է. - «Լավատեսները համոզված են, որ այդպես էլ կլինի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ կտանի առաջին փուլում: Հոռետեսները չեն բացառում, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ ԿԸՀ-ն կազդարարի կամ Սերժ Սարգսյանի «հաղթանակը», կամ՝ երկրորդ փուլ, որտեղ կհայտնվեն Սերժ Սարգսյանը եւ իր հաճախորդ Արթուր Բաղդասարյանը: Սա մի սցենար է, որը կարող է իրականություն դառնալ միայն խոշորածավալ կեղծիքներ անելու դեպքում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG