Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անընդունելի» համարեց Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սյունիքում նույն օրը հնչեցրած դավաճանության ակնարկները:

«Դատապարտում եմ շանտաժի լեզվով խոսելը եւ քաղաքական մրցակիցներին պիտակավորելը», - ասաց Բաղդասարյանը: - «Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն Սերժի կամ Ռոբերտի հետ է: Բայց ես դա առայժմ չեմ անում եւ կոչ են անում դադարեցնել նման գործելաոճը»:

«Այսօր «Հայոց Աշխարհ» թերթը նույն հաջողությամբ դատափետում է ինձ, ինչպես որ «Հայկական ժամանակ» թերթը», - շարունակեց Արթուր Բաղդասարյանը: - «Այսինքն` ե’ւ Սերժ Սարգսյանը, ե’ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը... Ես չգիտեմ, ուղղակի ինչ-որ խուճապային տրամադրությունների մեջ են նրանց թիմերը»:

Խոսելով միավորման շուրջ բանակցությունների մասին` նախագահի թեկնածուն ասաց. - «Երբեւիցե մենք չենք խոսել, որ Արթուր Բաղդասարյանը կմիանա Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմիանա Արթուր Բաղդասարյանին»:

«Ես կոչ անում Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին` դադարեցնել այդ գործելաոճը, կոչ եմ անում առողջ համագործակցության, առողջ երկխոսության», - եզրափակեց նա:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG