Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Նրանք փորձում են օգտագործել մեր նորանկախ հանրապետության պատմության ողբերգական էջերը»


Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ քարոզարշավի էր մեկնել Արարատի մարզ, որտեղ ընտրողների հետ հանդիպումներում խոսեց այն մասին, որ «թեկնածուներից շատ-շատերը քաղաքական պայքարի նշաձողը փորձում են իջեցնել այնքան, որ այլեւս տեղ չի մնում»:

Սարգսյանը, առանց անուններ նշելու, հայտարարեց, թե «կան թեկնածուներ, որոնք ձեռնամուխ են եղել մի գործի, որի շարժառիթը չարությունն ու վրեժխնդրությունն է»:

«Նրանք մեջտեղ են բերում, իրենց կարծիքով` փաստեր, որոնք իրականությանը բոլորովին չեն համապատասխանում», - ասաց նախագահի թեկնածուն: - «Առանց խղճի խայթ զգալու, նրանք փորձում են օգտագործել մեր նորանկախ հանրապետության պատմության ողբերգական էջերը: Լինելով այդ ողբերգության պատճառներից մեկը, նրանք այլ կողմ են մատնացույց անում: Նրանք տարիներով լռելով, սկզբից թաքուն հրճվելով այդ ողբերգությամբ, վերջում դարձել են զոհերի պաշտպան»:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ չի ցանկանում չարությանը չարությամբ պատասխանել:

Մարմարաշեն գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածուն ներկայացրեց իր ծրագրի հիմնական գաղափարը. - «Եկեք վստահենք իրար, եւ 4-5 տարի հետո ապրելու ենք երկու անգամ ավելի լավ, քան հիմա ենք ապրում»:

Սերժ Սարգսյանը ավելի հստակեցրեց իր խոսքը. - «Սոցիալապես անապահով խավի եկամուտները կրկնապատկվելու են»:

Նա վստահություն հայտնեց, որ փետրվարի 19-ին անցկացվելու են լավ ընտրություններ, երկիրն ունենալու է ուժեղ նախագահ, որը սիրում է իր ժողովրդին եւ «չի ակնկալում, որ ժողովուրդը կարող է իրեն սիրել». - «Ժողովուրդը պետք է հարգի իր ղեկավարին, եւ, կներեք, եթե ինչ-որ տեղ էլ սխալ եմ ասում, բայց` մի քիչ էլ քաշվի, վախենա»:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Արտաշատի կենտրոնական հրապարակում, Խոր Վիրապի վանական համալիրում:


Հովհաննես Շողիկյան, Արարատի մարզ

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG