Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Հովհաննիսյան. «Մենք թույլ չենք տա, որ այն կամ այն կողմից բախման պրովոկացիաներ լինեն»


Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը այսօր Վայոց ձորի մի շարք բնակավայրերում նախընտրական հանդիպումների ժամանակ հավասարապես սուր քննադատության ենթարկեց ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին:

«Այսօր իշխանության համար կատաղի մարտի իրար դեմ դուրս են եկել գաղափական, քաղաքական որեւէ տարբերություն իրար մեջ չունեցող երկու ուժ` նախկին իշխանությունը եւ այսօրվա իշխանությունը», - Արենի գյուղում հայտարարեց նախագահի թեկնածուն: - «Սրանց մեջ գաղափարական տարբերություն չկա, որովհետեւ անճոռնի եւ անգրագետ սեփականաշնորհումը, որը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ի վերջո, իր պտուղները այսօր տալիս է: Եվ ոչ մի բան այսօրվա իշխանությունը այդ բացասական հետեւանքները վերացնելու համար, փաստորեն, չի արել»:

Նախկին իշխանության ժամանակ ձեւավորված արատների («լկտի ու կաշառակեր չինովնիկներ», «այսօր իրենց ֆինանսական կլաններ անվանող կիսագողական թայֆաներ») անցյալից գալը չի արդարացնում դրանց գոյությունն այսօր:

«Այսօրվա իշխանության մասին խոսենք: Այս ինչ աստիճանի զզվանք պետք է արդեն առաջացնես սեփական ժողովրդիդ մեջ, որ սեփական ժողովուրդդ վատից` այսօրվա վատից փրկվելու համար գնում է դեպի վատագույնը», - ասաց Վահան Հովհաննիսյանը` խիստ վտանգավոր համարելով դա, որոհետեւ «երկու ուժերն էլ ծայրահեղական ու լուսանցքային են»:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչները, ըստ նրա, գիտեն, որ քաղաքակիրթ, գաղափարական բանավեճում կպարտվեն: Այդ պատճառով էլ օգտագործում են «արյան սպառնալիք, կատաղած վրեժխնդրության, բախումների կոչեր»:

Դաշնակցությունը, Հովհաննիսյանի խոսքով, չի թշնամանում ոչ մի քաղաքական ուժի հետ:

«Սակայն, ասում ենք. մեկդ` անարդարության եւ կեղծիքի, ընտրական կաշառքի ժողովրդին բրթելով, մյուսդ` բախումների, արյան տանելով, վտանգի մեջ եք դնում մեր ժողովրդին: Եվ մենք թույլ չենք տա, որ այս կամ այն կողմից բախման պրովոկացիաներ լինեն», - հայտարարեց նախագահի թեկնածուն:

Եղեգնաձորում Վահան Հովհաննիսյանը խոսեց «առնետավազքի» մասին. - «Կոմունիստներից փախան, դարձան ՀՀՇ, հետո համարյա թե նույն մարդիկ ՀՀՇ-ից փախան, դարձան երկրապահ կամ հանրապետական, հիմա էլ, կարծես թե, սկսվում է հետադարձ պրոցեսը»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG