Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը՝ Հայաստանին հատկացվող օգնության մասին


ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ասել է, որ Հայաստանի ընդգրկումը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում վկայում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին:

Պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցադրմանը, թե նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը 2009 թվականին առաջարկել է զգալիորեն կրճատել Հայաստանին հատկացվելիք օգնությունը, Քոնդոլիզա Ռայսը նշել է. - «Վստահ եմ, որ մենք գտնում ենք, թե բավարարում ենք [Հայաստանի] զարգացման կարիքները, ինչպես որ մենք դրանք պատկերացնում ենք, բայց ուզում եմ պարզապես հիշեցնել, որ Հայաստանը, իհարկե, նաեւ ընդգրկված է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում, ինչը ակնհայտորեն վկայում է մեր կողմից Հայաստանին աջակցելու մասին»:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանը 5 տարվա ընթացքում ստանալու է մոտ 236 միլիոն դոլար՝ գյուղական շրջաններում աղքատության վերացման նպատակով:

Բրեդ Շերմանը, սակայն, Ամերիկայի հայկական համագումարին ասել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող գումարները բավարար չեն այլ կարեւոր ծրագրերի իրականացման համար, եւ խոստացավ ջանքեր գործադրել Կոնգրեսում՝ Հայաստանին հատկացվելիք օգնությունն ավելացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG