Մատչելիության հղումներ

logo-print

Կոսովոյի խորհրդարանի անդամները անկախության հռչակագի՞ր են կազմում


Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են երկրամասի կառավարումն իրականացնող ՄԱԿ-ի վարչակազմը Եվրամիության առաքելությամբ փոխարինելու խնդրանքով առաջիկա օրերին պաշտոնապես դիմել ՄԱԿ-ին եւ եվրոպական կառույցներին: Ըստ արեւմտյան աղբյուրների` Կոսովոյի խորհրդարանի անդամները սկսել են կազմել անկախության հռչակագիրը, որը, ըստ ամենայնի, պաշտոնապես քվեարկության կդրվի մարտին:

Երեկ Սլովենիայի Բրդո քաղաքում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել Եվրամիության եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Այս բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը հայտարարել է, որ Բրյուսելն ու Մոսկվան այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ բալկանյան այս երկամասի ապագայի շուրջ:

«Տարաձայնությունները հաղթահարված չեն: Դրանք վերաբերում են միջազգային իրավունքի սկզբունքային հարցերին», - ասել է Lավրովը:

Նրա խոսքերով` Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը շարունակում է անընդունելի մնալ պաշտոնական Մոսկվայի համար:
«Եթե Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախությունը ճանաչվի, դա սխալ է լինելու», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Այդուհանդերձ, թե’ Միացյալ Նահանգների եւ թե’ Եվրամիության անդամ պետությունների մեծամասնությունը հակված է ճանաչել Կոսովոյի անկախությունը: «Կարո՞ղ է Մոսկվան պատժամիջոցներ կիրառել եվրոպական այն պետությունների հանդեպ, որոնք կճանաչեն Կոսովոյի անկախությունը», - լրագրողներից մեկի այս հարցին Lավրովը պատասխանել է. - «Պատժամիջոցների մասին խոսելը մի քիչ տարօրինակ է: Ռուսաստանն իր արտաքին քաղաքական զինանոցում պատիժների կիրառման մեթոդներ չունի»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG