Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախընտրական քարոզարշավի իրողություններին անդրադառնալով` «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Դատելով քարոզարշավի ներկա փուլի ընթացքից, երբ նախագահացուները ամբողջ թափով գործի են դրել պայքարի իրենց ողջ արսենալը, երբ ջրի երես են հանվում ահասարսուռ կոմպրոմատներ, երբ շատերը վերանայում են իրենց քաղաքական կուռքերի նկատմամբ տածած զգացմունքներն ու «ոգու փորձության» ենթարկելով՝ ակամա դավանափոխ լինում, երբ առանձնակի կարեւորության փաստաթղթեր տնօրինող շինությունները դառնում են հրո ճարակ ու նախընտրական շտաբներ են պայթեցվում, երբ ութը պայքարում են մեկի դեմ, կարելի է վստահ արձանագրել, որ փետրվարի 19-ին դարակազմիկ ընտրություններ են սպասվում»։ «2008-ի նախագահկան ընտրությունների այս շրջանը բովանդակային ու տեխնիկական առումով գրեթե չի տարբերվում նախորդ` 2003-ի ընտրություններից։ Տպավորությունն այն է, որ մեզանում ընտրական տեխնոլոգիաներն ընդհանրապես չեն կատարելագործվել անցած հինգ տարիների ընթացքում, նույնքան բռի ու պրիմիտիվ են, որքան էին, նույնիսկ ավելի բռի ու պրիմիտիվ»։

ՀՀԿ-ի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում Լեւոն-Տեր Պտերոսյանի նախընտրական վարքագծին անդրադառնալով, գնահատել է. - «Ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու, մասնատելու, քաղաքացիական անհամաձայնության մթնոլորտ ստեղծելու եւ ընդհարումներ հրահրելու ծրագրերը Տեր-Պետրոսյանի ընտրական սցենարի գլխավոր բաղկացուցիչներից է։ Նկատելի է, որ ՀՀՇ շտաբների աշխատանքն սկսվեց փոքր սադրանքներից, որոնք օրըստօրե մեծանում են։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը սպառնում է, թե սպասեք ու տեսեք, փետրվարի 20-ից հետո ինչեր ենք անելու, դրանով փաստորեն հուշում է ավելի մեծ սադրանքների մասին: Նա ի սկզբանե քաջ գիտակցում էր, որ ժողովրդի վստահության քվեն ստանալու ոչ մի շանս չունի։ Իշխանությունը վերադարձնելու միակ հնարավորությունը լարվածության ու սադրանքների ճանապարհն է»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության նշանակած անդամ Զոյա Թադեւոսյանը «Հայկական ժամանակ» թերթին ասել է, որ «հանրապետության 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրենց անդամների հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել». - «Ըստ Զոյա Թադեւոսյանի, իշխանությունների ներկայացուցիչները սկզբում փորձում են իրենց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին կաշառել, մերժում ստանալուց հետո անցնում են սպառնալիքների»։ Տիկին Թադեւոսյանը սակայն, ոչ մի փաստ կամ անուն չի հրապարակել։

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Առավոտ»-ին փոխանցել է. - «Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով` մեր թեկնածուի, վարչապետ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակով, եւ դրանք կլինեն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաազատ, ամենաժողովրդավարական ընտրությունները»: Ըստ Մանուկյանի, «այս ընտրարշավը Սերժ Սարգսյանը տանում է բացառիկ զսպվածությամբ եւ պարկեշտությամբ». - «Նա լուրջ պետական գործիչ է, որի ղեկավարությամբ Հայաստանը առաջիկա տասնամյակում կդառնա ժամանակակից եվրոպական երկիր»:

«Հայք» պարբերականի փոխանցամբ «Երիտասարդ քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանն արդեն մի քանի շաբաթ է՝ խաղում է ՀՀ քաղաքացիների առնվազն 75 տոկոսի նյարդերի հետ։ Ժողովուրդը սպասում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կսատարի նաեւ Արթուր Բաղդասարյանը, բայց նա տարբեր պատճառաբանություններով հետաձգում է որոշման հրապարակումը»: Թերթը հավելել է. - «Ոչ ոք չի կասկածում, որ առանց Բաղդասարյանի միավորման էլ ՀՀ առաջին նախագահը վստահ հաղթանակ կտանի առաջին փուլում։ Եթե Բաղդասարյանը մի կողմ դնի նեղ անձնական շահերը եւ արդեն այսօր կանգնի ժողովրդի կողքին, ապա հսկայական քաղաքական կապիտալ կդիզի, եթե ոչ՝ ապա նրան կմնա Սերժ Սարգսյանի հաճախորդի համբավը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG