Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանում վայր է ընկել Երեւան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը


Այսօր առավոտյան ժամը 4:15-ին «Զվարթնոց» օդանավակայանում, թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երեւան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի պատասխանատու Գայանե Դավթյանը, օդանավում 18 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 3 անդամները: Նրանց կյանքը հաջողվել է փրկել:

Ինքնաթիռը վայր է ընկել թռիչքուղու վրա` ձախ թեւի կողմով, ինչից հետո օդանավում հրդեհ է բռնկվել:

Կանադական արտադրության SRJ-100 օդանավը պատկանում է «Բելառուսական ավիաուղիներ»-ին եւ Երեւանից իրականացնում է պարբերական չվերթներ:

Վթարից հետո «Զվարթնոց» օդանավակայանը փակվել է թռիչքների եւ վայրէջքների համար: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի պատասխանատուի փոխանցմամբ` առայժմ հնարավոր չէ խոսել դեպքի պատճառների մասին:

«Այս պահին հետազոտվում է վայր ընկած օդանավը: Տեղում աշխատում են իրավապահները», - ասաց Գայանե Դավթյանը առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները, արտաքին գործերի փոխնախարարը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացրել է ավիավթարի հետ կապված մանրամասները: Ավիացիոն անվտանգության ծառայության եւ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին շատ արագ էվակուացնել: Օդանավակայանում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ուղեւորներից մի քանիսը ստացել են թեթեւ վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ռոբերտ Քոչարյանը առողջապահության նախարարին հանձնարարել է զբաղվել տուժածների բուժօգնության հետ կապված հարցերով:

Իրավապահ մարմիններին հանձնարարվել է ավիացիոն ծառայությունների հետ միասին հետաքննության իրականացնել:

Վթարի պատճառների վերաբերյալ քննություն կկազմակերպվի նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեի հետ, որի կմասնակցեն Բելառուսի եւ Կանադայի ներկայացուցիչները:

«Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանի եւ շտապ բուժօգնության ծառայության ղեկավար Արթուր Սաֆարյանը կեսօրից հետո «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ առավոտյան ժամը 6:30-ին «Մալաթիա» հիվանդանոցից կենտրոն են տեղափոխվել եւ տվյալ պահին էլ կենտրոնում են ավիավթարից տուժած 8 անձինք:

Ըստ Արթուր Սաֆարյանի, 5 մարդ հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի ցնցումով, մեկը` աջ անրակի հոդախախտումով, մեկը` դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով, իսկ տուժածներից մեկն էլ գանգատներ չի ունեցել եւ հիվանդանոցում խնամում է մորը:

Բոլոր հիվանդները միջին ծանրության կայուն վիճակում են:


Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG