Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Տեղի է ունենում միավորման պրոցես»


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Հայաստանում այժմ տեղի է ունենում քաղաքական ուժերի եւ ժողովրդի միավորման պրոցես:

Վայքում ընտրողների հետ հանդիպմանը Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն սատարող շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերին է միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ես վստահ եմ, մեզ է միանալու նաեւ Արթուր Բաղդասարյանը», - շարունակեց նա: - «Այսինքն` տեղի է ունենում միավորման պրոցես. ե’ւ քաղաքական ուժերի միավորման պրոցես, ե’ւ` ողջ ժողովրդի: Ես չեմ հավատում, որ երկու արկածախնդիր կարող են հաղթել մեր ողջ ժողովրդին, ծնկի բերել մեր ժողովրդին: Եթե այդպես լինի, ուրեմն փառք իրենց եւ ամոթ մեզ»:

Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց, թե Ազգային անվտանգության ծառայության 56 աշխատակիցներ` բարձրաստիճան սպաներ, հեռացել են աշխատանքից, որովհետեւ իշխանությունները ստիպում էին նրանց աշխատել սեփական ժողովրդի դեմ:

«Վստահ եղեք` պետական մարմիններն էլ մեզ հետ են», - շարունակեց նա: - «Ոստիկանության, անվտանգության ծառայության, նախարարությունների աշխատակազմերի 95 տոկոսը ժողովրդի հետ է»:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բազմամարդ հանրահավաքում (որին, իր պնդմամբ, մասնակցում էր 5 հազար մարդ, ինչը քաղաքի բնակչության մեկ երրորդն է) նախագահի թեկնածուն ասաց, որ «Ռոբերտ Քոչարյանը 10 տարի շարունակ Հայաստանը դիտել է որպես իր անձնական բիզնեսը, եւ դա այժմ փորձում է անել նաեւ Սերժ Սարգսյանը», եւ որ վերջինիս ընտրության դեպքում կշարունակվի արտագաղթը Հայաստանից եւ Ղարաբաղից:

Անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման խնդրին` նախագահի թեկնածուն ասաց, որ հարկավոր է «հաստատագրել այն, ինչ ունենք, ամրապնդել միջազգային պայմանագրով, ապահովել Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը», եւ դրանից հետո, նրա խոսքով` «մենք գնալու ենք հաշտության, խաղաղության մեր բոլոր հարեւանների հետ»:

Նա խոսեց նաեւ «Հոկտեմբերի 27»-ի մասին` ասելով, որ եթե այդ ոճրագործությունը չբացահայտվի, դա կմնա «ամենամեծ խարանը մեր ժողովրդի ճակատին»:

«Միայն դրա [բացահայտելու] համար մտադրություն է պետք», - ասաց Տեր-Պետրոսյանը: - «Իսկ այս իշխանությունները ամեն ինչ արեցին ոչ միայն դա չբացահայտելու, այլեւ` աղավաղելու բոլոր փաստերը, բոլոր հնարավոր վկաներին թույլ տալու (կամ իրենք աջակցելով) հեռանալ Հայաստանից, փչացնելու իրեղեն ապացույցները: Մենք հիմքեր ունենք ասելու, որ վերջին հրդեհը, որ տեղի ունեցավ արդարադատության նախարարությունում, պատահական չէր: Դա արված էր հենց այդ գործը այրելու համար»:

Գորիսում, որտեղ հանրահավաքին համեմատաբար քիչ մարդ էր եկել, Տեր-Պետրոսյանը կոչով դիմեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` հորդորելով «հանկարծ չսխալվել, չմոլորվել եւ փետրվարի 19-ին չբռնանալ ընտրողների իրավունքի վրա»:

Գորիսում նա իրեն միանալու կոչով դիմեց Արթուր Բաղդասարյանին` ասելով. - «Կգա, կկանգնի ժողովրդի կողքին` կդառնա պատվավոր մարդ: Կսխալվի, չի անի այդ բանը` նա քաղաքական ասպարեզից կհեռանա»:


Ռուզաննա Ստեփանյան, Վայոց Ձոր եւ Սյունիք

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG