Մատչելիության հղումներ

logo-print

Վազգեն Մանուկյանը չի ողջունում Տեր-Պետրոսյանին սատարելու մասին «Ժառանգության» որոշումը


Ազգային ժողովրդավարական միության նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չի ողջունում փետրվարի 19-ի ընտրություններում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության որոշումը:

Վազգեն Մանուկյանը ասաց, որ մտահոգված է, քանի որ «նրանք Ղարաբաղի հարցի մասին տարբեր տեսակետներ ունեն»:

«Ազատությունների մասին «Ժառանգություն»-ը մի բան է ասում, մյուսի արածն էլ տեսել ենք», - հավելեց նա:

«Օրինակ ծառայելու հարցը կա», - շարունակեց Վազգեն Մանուկյանը: - «Ես տեսնում եմ, որ Ղարաբաղի հարցում, ազգային հարցերում, ժողովրդավարության սկզբունքների պրակտիկ իրականացման մեջ այդ անձերի միջեւ կան հսկայական հակասություններ»:

Մանուկյանը այսօր ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Արագածոտնի մարզում:

«Այս ի՞նչ երկիր է, ո՞նց եք դիմանում այս երկրում... Լրիվ զորբայություն, լրիվ թալան», - Թալինում ասաց նա: - «20 տարվա ընթացքում բոլորը ձեր աչքի առաջ անցել են: Չե՞ք իմանում ով է ծախվել, ով է ձեր կաշին քերթել, ով է կոտրվել... Կհաղթի ոչ թե նա, ով շատ ջիփ ունի կամ փող... Նա կհաղթի, ում դուք ձայն կտաք»:

Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ թեկնածուներից որեւէ մեկը առաջին փուլում հաղթելու շանս չունի: Նա հավաստիացրեց, որ ընդդիմության ցանկացած թեկնածուի օգտին տրված ձայնը չի փոշիանա` կոչ անելով ձայնը տալ նրան, ում ուզում են:

Թալինում հավաքված մարդիկ, սակայն, միավորում էին պահանջում:

«Որ դուք չեք միանում, ժողովուրդն ի՞նչ անի», - ասաց մի տարեց կին:

«Երկու թեկնածու կա, որոնց սատար չեմ կանգնի. մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մնացած բոլորի հետ մենք կարող ենք միավորվել», - հայտարարեց նախագահի թեկնածուն:

Հավաքվածները, մինչդեռ, հենց Տեր-Պետրոսյանի հետ միավորում էին խնդրում, ինչի հնարավորությունը Մանուկյանը կտրականապես բացառեց:

«Որովհետեւ ես գտնում եմ` նույն իշխանությունն է, ինչ որ սա: Դուք ամեն ինչ մոռացե՞լ եք», - փաստարկեց նա: - «Դուք մոռացել են, ե'ս չեմ մոռացել: Ես Սերժ Սարգսյանի Հայաստան չեմ ուզում: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստան չեմ ուզում»:

Փարպի գյուղում ԵԿՄ-ի տեղական կառույցի ղեկավարը նույնպես անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միավորման հարցին:

«Ձեր կարծիքը փոխվե՞լ է Ղարաբաղի հարցում», - հարցրեց Մանուկյանը ու, բացասական պատասխան ստանալով, շարունակեց. - «Իր [Լեւոն Տեր-Պետրոսյանը] կարծիքը փոխվե՞լ է... Հստակ ասել է... Այսինքն` ձեզ միշտ կարելի է օգտագործել: Վազգեն Սարգսյանը ինչ որ ասում էր, հլու-հնազանդ ենթարկվում էիք: Ասեց` Լեւոնին գցեք` գցեցիք: Հիմա Վազգեն Սարգսյանի եղբայրը, Լեւոնը, Մանվելը ասում են` հիմա սրանց գցեք` Լեւոնին բերեք, ու դուք [ենթադրենք] բերեցիք: Էլ դուք ի՞նչ երկրապահ... Դուք երկի՞ր եք պահում... Դուք ձե'զ եք պահում... Եթե քաղաքականությունից չեք հասկանում, գնացեք ձեր տանը ձեր գործով զբաղվեք: Թույլ տվեք քաղաքականությամբ քաղաքական գործիչները զբաղվեն»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG