Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմենը կոչ է անում արտոնագրից չզրկել «Իմեդի»-ին


Փետրվարի 15-ին Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ, ինչպես հայտարարվել է, մտադիր է քննարկել «Իմեդի» հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելու հարցը: Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին դիմել է հանձնաժողովին` հորդորելով ձեռնպահ մնալ նման քայլից:

Հանձնաժողովն օրենքի խախտում է տեսնում այն փաստի մեջ, որ հեռուստաընկերության սեփականատերը Բադրի Պատարկացիշվիլին է, քանի որ քաղաքական կուսակցությունը կամ կուսակցության ներկայացուցիչը չեն կարող ունենալ հեռարձակելու արտոնագիր:

Մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ, սակայն, «դա մշուշոտ մոտեցում է, քանի որ չի նշվում, թե քաղաքական որ կուսակցության անդամ է կամ կուսակցական ինչ պաշտոն ունի Բադրի Պատարկացիշվիլին»:

Պատարկացիշվիլին որեւէ կուսակցության անդամ չէ, սակայն որպես թեկնածու առաջադրվել էր հունվարի 5-ի նախագահական արտահերթ ընտրություններում:

Սոզար Սուբարին փետրվարի 8-ին դիմել է Վրաստանի գլխավոր դատախազին` պահանջելով ուսումնասիրել Հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի կողմից թույլ տված օրենքի խախտումները: Խոսքը, մասնավորապես, 2500 լարի տուգանքի մասին է, որ հանձնաժողովը սահմանել է «Իմեդի»-ի նկատմամբ` անցած տարվա նոյեմբերին Պատարկացիշվիլիի հայտարարությունը հեռարձակելու համար, ինչին էլ, ըստ հանձնաժողովի, հաջորդել էին անկարգություններ:

Որպես իր դիմումի հիմնավորում` օմբուդսմենը նշել է, որ Պատարկացիշվիլիի հայտարարությունը առաջին անգամ հեռարձակվել է նոյեմբերի 7-ին ժամը 18:28-ին, մինչդեռ հանձնաժողովի արձանագրությունը կազմված է ժամը 17:40-ին, իսկ հանձնաժողովի արտահերթ նիստը անցկացվել է ժամը 18:00-ին: Դա, մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ, ապացուցում է, որ հանձնաժողովը արձանագրությունը կազմել եւ «Իմեդի»-ին տուգանել է ավելի վաղ, քան հեռարձակվել է Պատարկացիշվիլիի հայտարարությունը:

«Հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի գործողություններում հանցագործության տարրեր կան` նախատեսված Վրաստանի քրեական օրենսգրքով, այն է` ծառայողական կեղծիք», - հայտարարել է Սոզար Սուբարին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG