Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը հեռացվել է ՀՀԿ-ից


Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի` երեկ տեղի ունեցած նիստում միաձայն որոշվել է «ՀՀԿ-ի կանոնադրության խախտման եւ կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայելյանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից»:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ կուսակցության գործադիր մարմինը դատապարտել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամներ, անկուսակցականներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի քաղաքական վարքագիծը:

Երեկ ավելի վաղ Արագածոտնի մարզում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում փաստին, որ իր կուսակիցներից ոմանք անցնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը, Սերժ Սարգսյանը նախ ասաց, թե չի կարելի մեկ-երկու հոգու մասին ասել «կուսակիցներ», եւ շարունակեց. - «Այստեղ որեւէ արտառոց բան չկա: Բոլոր ընտրությունների ժամանակ կարող են այդպիսի մարդիկ լինել... Մեկ-երկու հոգի միշտ էլ կարող են լինել»:

Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ մի շարք բնակավայրերում:

Ապարանում նախագահի թեկնածուն ասաց, թե շատ թեկնածուներ փորձում են «իրար դեմ տրամադրել մարտական ընկերներին», «մարդկանց գայթակղել պաշտոններով». - «Նրանց թվում է, թե հասարակությունը մասնատելու փորձերով կարող են ինչ-որ բանի հասնել»:

«Նրանք ասում են, թե այս ընտրությունները ընտրություն են վատի եւ վատթարի միջեւ», - շարունակեց նա: - «Ես ասում եմ` ոչ: Այս ընտրությունը ընտրություն է Հայաստանի զարգացման ճանապարհերի միջեւ: Եվ եթե կա ընտրություն, ապա ընտրություն է փորձված եւ անփորձ մարդկանց միջեւ: Ընտրություն է այն մարդկանց, ովքեր կարող էին այս երկրին ծառայել, ովքեր կարող էին այս երկիրը առաջ տանել, բայց ապաշնորհ կառավարման պատաճառով մեր երկիրը բերեցին ճգնաժամի հասցրեցին»:

Սերժ Սարգսյանին երեկվա հանդիպումների ժամանակ ուղեկցում էին Արագածոտնի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ փետրվարի 4-ից գտնվում է արձակուրդում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG