Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հայտարարեց, որ առաջին անգամ Հայաստանում բացահայտվել է «պաշտոնապես չգրանցված հասարակաց տուն», որը ղեկավարել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հակոբ Հակոբյանի մտերիմ ընկեր եւ հարեւան Գալստյանը:

Հակոբ Հակոբյանը «Երկրապահ» կամավորականների միությունից առանձնացած «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության նախագահն է, ու նախագահական ընտրությունների ընթացող քարոզարշավում, իր ղեկավարած կազմակերպության հետ միասին, պաշտպանում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

«Հակոբ Հակոբյանի նկատմամբ մենք քրեական գործ չենք հարուցել: Սակայն քրեական գործ ենք հարուցել կավատության, որջ պահելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու փաստի առթիվ», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Աղվան Հովսեփյանը:

Նշված չգրանցված կառույցը բացահայտվել է «Մալաթիա» շուկայի մոտակայքում գտնվող եւ Հակոբ Հակոբյանին պատկանող «Անուշ» արտադրական միավորման տարածքում: Բացահայտումը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 9-ին` ստացված դիմումի արդյունքում:

Հովսեփյանի խոսքով, այդ «որջի» տնօրեն ոմն Գալստյանը «Հակոբ Հակոբյանի մտերիմ ընկերն ու հարեւանն է, որը Հակոբ Հակոբյանի հետ պայմանագիր ունի կնքած այդ «Անուշ» արտադրական միավորումը անժամկետ, անհատույց օգտագործելու մասին»:

Գլխավոր դատախազը ասաց, որ իրավապահ մարմինների ստուգումները ցույց են տվել, որ «իրոք, տեւական ժամանակահատվածում այդտեղ ուղղակի գործել է անառականոց». - «Այսօրվա դրությամբ հայտնաբերված են արդեն 8 մարմնավաճառներ, որոնք մշտապես գտնվել են այդտեղ, զբաղվել են մարմնավաճառությամբ, գումարները տվել են ադմինիստրատորներին, որոնք այդ գումարները տվել են բուֆետապանին, բուֆետապանն էլ տվել է այդ որջը ղեկավարող Գալստյանին»:

Հարուցված քրեական գործով, ինչպես փոխանցեց Աղվան Հովսեփյանը, երեկ ձերբակալվել է երեք մարդ, որոնց անունները դատախազը չհրապարակեց:

Խոսելով նախագահական քարոզարշավի ընթացքում ստացված հաղորդումների մասին, Աղվան Հովսեփյանը ասաց, որ դրանք «ստով ողողված են». - «Սուտը, կեղծիքը շատ-շատ են: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ստի մասին հարկավոր է շատ խոսել, որ ճշմարտության տեղ անցնի»:

Դատախազությունը առանձնացնելու է այն հաղորդումները, որոնք «ակնհայտ զրպարտչական բնույթի են». - «Որովհետեւ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում նաեւ ակնհայտ զրպարտության համար»:

Արտաշատում փետրվարի 6-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հովսեփյանը փոխանցեց, որ ուսումնասիրվել են բոլոր տեսաժապավենները, եւ «որեւէ դրվագ կամ ապացույց ձեռք չի բերվել, որը վկայեր մարմնական վնասվածք պատճառող անձի ինքնությունը»:

«Որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որ հարթակի ուղղությամբ որեւէ մեկը քարեր կամ սառցաբեկորներ նետած լինի», - հավելեց Գլխավոր դատախազը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե «շարքային քաղաքացու ուղղությամբ քար նետելը նույնպես հանցանք է», Աղվան Հովսեփյանը արձագանքեց, որ հենց այդ պատճառով էլ հարուցված է քրեական գործ եւ միջոցներ են ձեռնարկվում այդ հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք հարցաքննվել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդին, որը հանրահավաքում եղել է եւ նրա լուսանկարն էլ տպագրվել է մամուլում, Գլխավոր դատախազը պատասխանեց. - «Իրոք, կա նկար, որտեղ պատկերված է Ջոնիկ Աբրահամյանի տղան, որ այնտեղ է գտնվել: Բայց նկարի վրա չի երեւում, որ Ջոնիկ Աբրահամյանի տղան քարեր է նետել կամ որեւէ մեկին հարվածել»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG