Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածուն իր մտահոգություններն է փոխանցել Ազգային ժողովի նախագահին


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանին:

Արման Մելիքյանը խորհրդարանի նախագահին է փոխանցել իր մտահոգությունը արտերկրում ժամանակավոր կամ մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիների` նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ: Նրա գնահատմամբ` շուրջ 500 հազար մարդ զրկվում է քվեարկություն իրավունքից, եւ երկրի քաղաքական կյանքից նրանց օտարելը ճիշտ չէ:

Նախագահի թեկնածուն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան` ստանալով մերժում, հարցը քննարկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տիգրան Թորոսյանը նշել է, որ իրավական տեսակետից ընտրությունները միայն Հայաստանում կազմակերպելն անխոցելի է, որեւէ ձեւով չի հակասում միջազգային չափանիշներին եւ փորձին: Տեխնիկական առումով` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների սփռվածությունը եւ դեսպանությունների ու հյուպատոսությունների սահմանափակ թիվը, բոլոր քաղաքացիների համար արտասահմանում ընտրելու հնարավորություն ապահովելը գործնականում անհնար է: Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, ապա Տիգրան Թորոսյանն ընդգծել է, որ ընտրությունները որոշում են երկրի ընթացքը առաջիկա տարիներին, հետեւաբար` նաեւ այն մարդկանց կյանքի ընթացքը, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի այն մարդկանց շնորհիվ, ովքեր ապրում են Հայաստանում: Հետեւաբար` հենց իրենք պետք է որոշեն իրենց եւ Հայաստանի ճակատագիրը:

Միաժամանակ, Տիգրան Թորոսյանը նշել է, որ խորհրդարանն ուշադիր հետեւելու է երկքաղաքացիության նորմի ներդրման օրենսդրական փաթեթի կիրառման ընթացքին, աշնանը ուսումնասիրվելու եւ քննարկվելու են արդյունքները, եւ անհրաժեշտության դեպքում կարվեն համապատասխան քայլեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG